Քաղաքականություն

«Եթե միակ խնդիրը պետության անվանափոխությունն է, եկեք հաշտության համաձայնագիր ստորագրենք»․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն առաջարկում է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրել՝ ամրագրելով, որ այն ուժի մեջ կմտնի ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո։ Նրա խոսքով՝ այդ կերպ Հայաստանը կզրկի Ադրբեջանին ժամանակ ձգելու և մանևրելու հնարավորությունից։

Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտող միակ հարցը համարում է ՀՀ Սահմանադրությունը, որտեղ, ըստ նրա, տարածքային պահանջ կա։ «Առանց հանրաքվեի Ադրբեջանին խաղաղության փաստաթղթի ստորագրումը պարտադրելը իրատեսական չէ»,— գրել է նա։

Որպես նախադեպ՝ Սարգսյանը մատնանշել է Հունաստանի և Մակեդոնիայի միջև ձեռք բերված համաձայնությունը։ 2018-ին ստորագրվել է համաձայնագիր, իսկ 2019-ին պետությունը վերանվանվել է Հյուսիսային Մակեդոնիա։ Նրա առաջարկով՝ Հայաստանի և Ադրբեջանի դեպքում խաղաղության փաստաթուղթը կարող է ստորագրվել Վաշինգտոնում՝ Թրամփի հովանու ներքո, և ուժի մեջ մտնել Սահմանադրության փոփոխությունից հետո։

Սարգսյանի կարծիքով՝ այս տարբերակը Ադրբեջանին կդնի ընտրության առաջ և ցույց կտա՝ արդյոք նրա նախապայմանը իրական է, թե ժամանակ ձգելու միջոց։ Նա նաև պնդել է, որ այդ քայլով Հայաստանը կդառնա նախաձեռնող, իսկ Սահմանադրության հանրաքվեի արդյունքը՝ ավելի կանխատեսելի։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version