Տնտեսություն
«Ցանկացած արտաքին տեխնոլոգիա կախվածություն է ստեղծում»․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանի խոսքով՝ Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի հնարավոր կորուստը պետք է հաշվարկել նախապես, քանի դեռ նոր սակագին չի սահմանվել։ Նա այս մասին ասել է 168.am-ի հետ զրույցում։
Դավթյանը նշել է, որ Հայաստանի համար ռուսական գազի գործող գինը 177,5 ԱՄՆ դոլար է՝ 1000 խմ-ի դիմաց, մինչդեռ 2026 թվականին ռուսական գազի արտահանման միջին գինը կանխատեսվում է շուրջ 313 դոլար։ Նրա խոսքով՝ եթե գինը պայմանականորեն հասնի 313 դոլարի, աճը կկազմի մոտ 76 տոկոս, իսկ ներմուծվող յուրաքանչյուր մեկ միլիարդ խմ գազի համար Հայաստանը ստիպված կլինի լրացուցիչ վճարել 135,5 մլն դոլար։
Մասնագետի գնահատմամբ՝ թանկացումը կազդի ոչ միայն բնակարանների ջեռուցման և գազօջախների ծախսերի վրա։ Այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 42,2 տոկոսը բաժին է ընկել ջերմաէլեկտրակայաններին, ուստի գազի գնի բարձրացումը կավելացնի նաև էլեկտրաէներգիայի արտադրության ինքնարժեքը։ Դրա հետևանքը կարող է լինել ապրանքների թանկացումը, ձեռնարկությունների շահույթի նվազումը կամ արտադրության կրճատումը, ինչպես նաև տնային տնտեսությունների կոմունալ ծախսերի աճը։
Անդրադառնալով նոր ատոմային բլոկի հնարավոր տարբերակներին՝ Դավթյանն ասել է, որ նախ պետք է հաշվարկել Հայաստանի առաջիկա 30-40 տարվա էներգետիկ պահանջարկը, ապա միայն ընտրել տեխնոլոգիան։ Նա նշել է, որ ռուսական կողմը խոսում է առնվազն 1 ԳՎտ հզորությամբ բլոկի մասին, մինչդեռ մեկ տարի առաջ Հայաստանի իշխանությունները հիմնականում խոսում էին փոքր մոդուլային ռեակտորի մասին։ Նրա խոսքով՝ այդ փոփոխությունը հարց է առաջացնում՝ արդյոք նախկին պահանջարկի հաշվարկները ճիշտ են եղել։
Դավթյանի գնահատմամբ՝ մեծ հզորության ատոմակայանը կարող է հիմնավորված լինել, եթե հաշվարկները ցույց տան էլեկտրաէներգիայի պահանջարկի էական աճ և արտահանման ներուժի պահպանում։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանի փոքր էներգահամակարգի համար 1 ԳՎտ-անոց մեկ բլոկը խոշոր միավոր է, և պետք է նախապես գնահատել դրա պլանային կամ վթարային անջատման դեպքում հզորությունը փոխարինելու հնարավորությունները։
Նա առաջարկել է բոլոր տարբերակները համեմատել նույն չափանիշներով՝ կառուցման արժեքով, ֆինանսավորման պայմաններով, շինարարության ժամկետով, ամբողջ կյանքի ցիկլի ընթացքում մեկ կՎտժ էլեկտրաէներգիայի ինքնարժեքով, ինչպես նաև վառելիքի, սպասարկման և թափոնների կառավարման ծախսերով։ Միևնույն ժամանակ Դավթյանը ռուսական առաջարկի առավելություններից է համարել տասնամյակների համագործակցությունը, պատրաստված մասնագետների առկայությունը և գործող ատոմակայանի սպասարկման փորձը։
Նրա խոսքով՝ նոր ատոմային բլոկը կարող է նվազեցնել Հայաստանի կախվածությունը գազից, քանի որ էլեկտրաէներգիան կարտադրվի երկրի ներսում, իսկ միջուկային վառելիքը հնարավոր կլինի նախապես կուտակել։ Սակայն տեխնոլոգիական կախվածության վտանգը կմնա, եթե ռեակտորը, վառելիքը, սարքավորումները, ծրագրային ու ինժեներական աջակցությունը, պահեստամասերը և սպասարկումը ստացվեն մեկ երկրից։
«Ցանկացած արտաքին տեխնոլոգիա կախվածություն է ստեղծում։ Ամերիկյան ռեակտոր ընտրելու դեպքում էլ մենք կախված ենք լինելու ամերիկյան տեխնոլոգիայից, լիցենզավորումից, վառելիքից և սպասարկման համակարգից։ Հարցն այն է, թե այդ կախվածությունը որքանով է կառավարելի»,– ասել է Վահե Դավթյանը։ Նրա առաջարկած լուծումներից են վառելիքի ռազմավարական պաշարի ստեղծումը, Հայաստանում մասնագետների պատրաստումը, ամբողջական տեխնիկական փաստաթղթերի ստացումը, սպասարկման որոշ գործառույթների տեղայնացումը և միջազգային կոնսորցիումի ներգրավումը։
Աղբյուր՝ 168.am