Քաղաքականություն

«Չեմ բացառում, որ Ալիևը փորձում է խաղալ այս թեմայով»․ Տաթեւիկ Հայրապետյան

Տաթեւիկ Հայրապետյանը Ադրբեջանի դպրոցներում միանման հագուստի վերաբերյալ կառավարության որոշման շուրջ զարգացումները քաղաքական ենթատեքստ ունեցող գործընթաց է համարում։ Նրա խոսքով՝ սեպտեմբերի 21-ին ընդունված որոշումից հետո դպրոցներից սկսել են հեռացնել հիջաբ կրող աշակերտներին և ուսուցիչներին, ինչն Ադրբեջանում բողոքի ալիք է առաջացրել։ Տեսանյութերից մեկում աշակերտները ցույցի են դուրս եկել «Հիջաբը մեր ընտրությունն է» պաստառներով։ Հայրապետյանի խոսքով՝ ընդդիմադիր որոշ օգտատերեր նաև գրել են ինտերնետի սահմանափակումների մասին։

Նա առանձնացրել է Ադրբեջանի պետական «Az TV»-ի պատրաստած տեսանյութը, որում հաղորդավարն ասել է․ «Պետությունը հակազդելու է ցանկացած նախաձեռնության, որն ուղղված է մեր ազգային ինքնության մեջ արաբա-պարսկական արժեքների ներդրմանը, ինչպես նաև՝ դպրոցական տարիքից սկսած՝ մեր երեխաների մտածելակերպն ու կյանքի հանդեպ ունեցած հայացքները փոխելուն կամ աղավաղելուն»։

Հայրապետյանի գնահատմամբ՝ այս ձևակերպումը ցույց է տալիս, որ գործընթացը միայն դպրոցական հագուստի մասին չէ և ունի հստակ քաղաքական ենթատեքստ։ Նա նշել է, որ Ադրբեջանում իրանական, արաբական կամ ընդհանրապես մահմեդական հագուստը փորձում են ներկայացնել որպես հետամնացության նշան՝ այդ ֆոնին երկիրը առաջադեմ ներկայացնելու համար։

«Չեմ բացառում, որ Ալիևը փորձում է խաղալ այս թեմայով և ստեղծել իր համար իբր ծայրահեղական ապագա ընդդիմության կերպար, որի հանդեպ ցանկացած քայլ կլինի ավելի քան արդարացված»,— ասել է Տաթեւիկ Հայրապետյանը։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version