Տնտեսություն

Մոսկվան առաջարկում է վերականգնել Հայաստանից դեպի Նախիջևան և Թուրքիա տանող երկաթուղային հատվածները

Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է վերականգնել երկաթուղու երկու հատված՝ Երասխից մինչև Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հյուսիսային շրջան՝ Շարուր, և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման՝ Դողուքափը։ Այս մասին «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի շրջանակում հայտարարել է ՌԴ կառավարության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա հայտարարությունը ներկայացվել է «Ռազմաքաղաքական վերլուծություն» առցանց հանդեսում հրապարակված հոդվածում։

Օվերչուկի խոսքով՝ Հայաստանին հետաքրքրող հատվածները գտնվում են «Ռուսական երկաթուղիների» կոնցեսիայի ներքո։ Մոսկվանը, ըստ նրա, աջակցում է դրանց վերականգնմանը և պատրաստ է մասնակցել նախագծին՝ երկու ուղղություններով տրանսպորտային կապն ապահովելու համար։ Փոխվարչապետը նաև նշել է, որ մոտ ժամանակում այդ հարցի առաջմղմանն ուղղված կարևոր հանդիպումներ են նախատեսվում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ կառավարությունը, առանց Ռուսաստանի օգնությանը սպասելու, տենդերներ է հայտարարել Թուրքիայի և Ադրբեջանի սահմաններ տանող երկաթուղային գծերի վերականգնման համար, մինչդեռ ռուսական կողմի հետ խորհրդակցությունները շարունակվում են։ Փաշինյանի գնահատմամբ՝ 2008–2038 թվականների կոնցեսիոն պայմանագիրը խոչընդոտում է միջազգային բիզնեսի ներգրավմանը և Հայաստանի միացմանը ձևավորվող տարածաշրջանային տարանցիկ երթուղիներին։

Հոկտեմբերի 7-ին Փաշինյանը հայտնել էր, որ կոնցեսիոն համաձայնագիրը չեղարկելու իրավական հիմքեր կան, սակայն նախընտրելի տարբերակ էր համարել այնպիսի երրորդ երկրի փոխանցումը, որն ընդունելի կլինի և՛ Մոսկվայի, և՛ Երևանի համար։ Պայմանագրի խզման մասին առայժմ չի հայտարարվել։ Հոդվածում նշվում է, որ «Ռուսական երկաթուղիների» և դրա դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղիների», ներդրումները 2008–2025 թվականներին կազմել են մոտ 396 միլիոն դոլար։ Ռուսական կողմը պայմանագրի դադարեցման կամ վերանայման դեպքում ակնկալում է ներդրված միջոցների վերադարձ։

Միևնույն ժամանակ, «Ռազմաքաղաքական վերլուծության» հոդվածում նշվում է, որ այսպես կոչված «Թրամփի ուղին»՝ TRIPP-ը, առայժմ չի գործում։ EurasiaNet-ի տվյալներով՝ Հայաստանի տարածքում դրա շինարարությունը դեռ չի սկսվել, իսկ նախագծի իրականացման ընթացքի մասին տեղեկությունները սահմանափակ են։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version