Հասարակություն
Գարեգին Երկրորդի տնօրինությամբ եկեղեցականների նոր ծառայություններ են սահմանվել
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ և ծառայության փոփոխություններ։
Հոգեշնորհ Տ. Անդրանիկ վարդապետ Գևորգյանը Սուրբ Հռիփսիմե վանքի վանահոր պաշտոնից ազատվելով՝ նշանակվել է Իրաքի հայոց թեմի առաջնորդ։ Վանքի վանահայր է նշանակվել Հոգեշնորհ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, որը ազատվել է Վայոց Ձորի թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից։
Հոգեշնորհ Տ. Մխիթար աբեղա Եփրեմյանը, ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանում ունեցած պարտականություններից, ուսումնառության է մեկնել Իտալիա։
Արժանապատիվ Տ. Մամբրե քահանա Հմայակյանը Արմավիրի թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից ազատվելով՝ ծառայության է նշանակվել Նիդերլանդների Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի իշխանության ներքո։
Արժանապատիվ Տ. Սամուել քահանա Սարգսյանը ծառայության է կոչվել Ֆրանսիայի հայոց թեմում, իսկ Արժանապատիվ Տ. Գյուտ քահանա Գալստյանը՝ Արմավիրի թեմում։ Արժանապատիվ Տ. Սեպուհ քահանա Բաղդասարյանը Իրաքի հայոց թեմում ունեցած հոգևոր պարտականություններից ազատվելով՝ ծառայության է կոչվել Կոտայքի թեմում։
Աղբյուր՝ aravot.am