Տնտեսություն
Հորմուզի խափանումները կարող են հացահատիկի գները բարձրացնել մինչև 80 տոկոս
Հորմուզի նեղուցով նավագնացության շարունակվող խափանումները կարող են հանգեցնել համաշխարհային պարենային ճգնաժամի։ Միջազգային առևտրի պալատի (ICC) գլխավոր քարտուղար Ջոն Դենթոնի խոսքով՝ նեղուցով անցնում է աշխարհում պարարտանյութերի մատակարարումների մոտ մեկ երրորդը, իսկ խափանումների հետևանքով դրանց արտադրության և մատակարարման հասանելի հզորությունները կրճատվել են գրեթե 40 տոկոսով։ Այս մասին հաղորդել է The Wall Street Journal-ը։
Դենթոնը նշել է, որ եթե նեղուցով նավագնացության վերականգնման ուղղությամբ առաջընթաց չգրանցվի, հացահատիկային մշակաբույսերի գները կարող են աճել մինչև 80 տոկոսով։ Նրա խոսքով՝ առավել խոցելի են զարգացող երկրները, որոնք մեծապես կախված են պարարտանյութերի ներմուծումից։
ICC-ն ՄԱԿ-ի գործակալությունների և Միջազգային ծովային կազմակերպության հետ մշակում է նեղուցով նավագնացության ժամանակավոր կառավարման մեխանիզմ։ Այն ներառում է նավերի երթևեկության մոնիթորինգ, ստուգումներ, ապահովագրություն և անվտանգ անցման կանոններ։ Սակայն մեխանիզմը դեռևս չի կարող գործարկվել, քանի որ դրա համար անհրաժեշտ է ԱՄՆ-ի և Իրանի համաձայնությունը։
Աղբյուր՝ 168.am