Հասարակություն
Սպանության նախապատրաստության գործով ձերբակալվել է չորս անձ
Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք, որի շրջանակում ձերբակալվել է չորս անձ։
Ըստ իրավապահների՝ 2026 թվականի հունվարի 21-ին Ծաղկաձորում Երևանի 33-ամյա բնակիչը, ևս երկու անձի հետ, ծեծի է ենթարկել Երևանի 36-ամյա բնակչին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ։ Նշվում է, որ 33-ամյա տղամարդը շեշտել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալու հանգամանքը։
Դեպքից հետո 36-ամյա տղամարդը, չհանդուրժելով կատարվածը, նախապատրաստել է 33-ամյա տղամարդու սպանությունը և այդ նպատակով ապօրինի հրազեն ձեռք բերել։ Տեղեկանալով այդ մտադրության մասին՝ 33-ամյա տղամարդն իր հերթին ապօրինի ձեռք է բերել տարբեր տեսակի հրազեն՝ հարմար առիթի դեպքում նախահարձակ լինելու և 36-ամյա տղամարդուն սպանելու նպատակով։
Ըստ հաղորդագրության՝ հակամարտությունը շարունակվել է նաև օգոստոսին։ 36-ամյա տղամարդը դեռևս չպարզված անձանց հետ 33-ամյա տղամարդուն նկատել է նրա բնակության վայրի մոտ և մեքենան վարել նրա ուղղությամբ։ Դեպքի վայրում փոխադարձ հրաձգություն է տեղի ունեցել։
Փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, և նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության նախապատրաստության, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու, ինչպես նաև զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության հատկանիշներով։
Իրավապահների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել տվյալներ, որ 33-ամյա տղամարդը ծրագրել էր սպանել 36-ամյա տղամարդուն։ Հանցագործության կատարումը կանխվել է։
Հոկտեմբերի 5-ին դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել 33-ամյա տղամարդու, նրա հոր և ընկերոջ բնակության վայրերում։ 33-ամյա տղամարդու բնակարանից հայտնաբերվել են 49 տարբեր տեսակի դեղահաբեր և մեթադոնային լուծույթով երեք սրվակ։
Ձերբակալվել են 33-ամյա տղամարդը, նրա 54-ամյա հայրը, 35-ամյա ընկերը և Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդը։
Աղբյուր՝ aravot.am