Հասարակություն
Տաթևիկ Սողոյան․ «Բռնի անհետացումը միջազգային հանցագործություն է»
Անհետ կորածների թվում կան մարդիկ, որոնց՝ ադրբեջանցի զինծառայողների կողմից ողջ վիճակում գերեվարվելու փաստը հաստատվում է վկաների ցուցմունքներով և տեսագրություններով, սակայն Ադրբեջանը վեց տարի շարունակ նրանց չի ճանաչում որպես գերի։ Այս մասին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է անհետ կորած փոխգնդապետ Հրանտ Պապիկյանի զարմուհին, փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Սողոյանի խոսքով՝ բռնի անհետացումը միջազգային կոնվենցիաներով նախատեսված հանցագործություն է, որի համար սահմանված են խիստ պատիժներ։ Պաշտոնական տվյալներով՝ նման դեպքերի թիվը 30 է։
Փաստաբանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները խաղաղության գործընթացի շրջանակում միջազգային հարթակներում բռնի անհետացածների հարցը չեն ներկայացնում որպես հանցագործություն, որի համար Ադրբեջանը պետք է ենթարկվի միջազգային, այդ թվում՝ քաղաքական պատասխանատվության։ Նրա խոսքով՝ անհասկանալի է այն զինծառայողների ճակատագիրը, որոնց պատերազմի ընթացքում տեսագրություններում երևում է ձեռքերը վեր պարզած՝ գերեվարված վիճակում։
Տաթևիկ Սողոյանը նաև հիշեցրել է, որ անհետ կորածների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատներ են ներկայացվել ինչպես Հայաստանի կառավարության ներկայացուցիչների, այնպես էլ անհատ փաստաբանների կողմից։ Նա պնդել է, որ նախաստորագրված խաղաղության պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը կարող է պարտավորվել այդ գանգատներից մի քանիսը հետ կանչել, ինչը, իր գնահատմամբ, անթույլատրելի է։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել էին արցախյան պատերազմներում զոհվածների և անհայտ կորածների հարազատների հետ։
Աղբյուր՝ aravot.am