Արտաքին աշխարհ
Թուրքիան արգելափակում է Հայաստանի, Ֆրանսիան՝ Ադրբեջանի ՆԱՏՕ-ական գործընկերությունը, բայց խորացնում են պաշտպանական կապերը
Politico-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիան երկկողմ տարաձայնությունների պատճառով արգելափակել է Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության գործընթացը, իսկ Թուրքիան արգելափակել է Հայաստանի հետ գործընկերությունը՝ պնդելով, որ երկու ծրագրերը պետք է հաստատվեն միաժամանակ։ Այդ ֆոնին Անկարան և Փարիզը ստորագրել են պաշտպանական և անվտանգային համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզ։
Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ փաստաթուղթը նախատեսում է փոխադարձ շահերի հիման վրա զարգացնել համագործակցությունը և անվտանգային ուղղություններում արդեն առկա կապերին ավելի ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել։ Կողմերը մտադիր են պարբերաբար խորհրդակցություններ անցկացնել պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ, խորացնել համագործակցությունը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում, հետախուզական տեղեկատվության փոխանակման և հակաօդային պաշտպանության ոլորտներում։
Ճանապարհային քարտեզով նախատեսվում է նաև բարձրացնել զինված ուժերի համակարգերի օպերատիվ համատեղելիությունը, ընդլայնել համատեղ վարժանքները, իրականացնել զինվորական ակադեմիաների միջև անձնակազմի փոխանակման ծրագրեր և ապահովել ռազմածովային նավերի մուտքը նավահանգիստներ։ Համատեղ զորավարժություններին կարող են մասնակցել ցամաքային զորքերը, ռազմածովային և ռազմաօդային ուժերը։
Թուրքիան և Ֆրանսիան նախատեսում են զարգացնել նաև պաշտպանական արդյունաբերության համատեղ նախագծերն ու գործարար հնարավորությունները, խրախուսել տեղեկատվության և տեխնոլոգիաների փոխանակումը և ընդլայնել երկու երկրների պաշտպանական ընկերությունների կապերը։ Հանդիպումները հերթագայությամբ կանցկացվեն Փարիզում և Անկարայում, իսկ առաջինը նախատեսվում է 2026 թվականի վերջին եռամսյակում՝ կողմերի միջև ձեռք բերվելիք պայմանավորվածության համաձայն։
Միաժամանակ, ճանապարհային քարտեզի ստորագրումը դեռ չի նշանակում, որ Թուրքիան և Ֆրանսիան համաձայնության են եկել սպառազինության համատեղ արտադրության կամ կոնկրետ տեխնոլոգիաների փոխանցման շուրջ։ Նախկինում տեղեկություններ էին շրջանառվում, որ Ֆրանսիան ավելի մեղմ դիրքորոշում է որդեգրել Թուրքիային ֆրանս-իտալական համատեղ մշակված SAMP/T բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգի հնարավոր վաճառքի հարցում։ Թուրքիան այդ համակարգը դիտարկում է իր «Պողպատե գմբեթ» հակահրթիռային համակարգի համար։
Ֆրանսիան նախկինում սահմանափակել էր Թուրքիային զենքի և զինամթերքի վաճառքը՝ քաղաքական ու աշխարհաքաղաքական տարաձայնությունների, այդ թվում՝ Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական գործողությունների պատճառով։ Ֆրանսիական Microturbo ընկերության TRI 40 տուրբոռեակտիվ շարժիչներն օգտագործվել են թուրքական SOM թևավոր հրթիռներում, սակայն շարժիչների արտահանման թույլտվության շուրջ խնդիրներից հետո թուրքական Kale Arge ընկերությունը մշակել է KTJ-3200 ռեակտիվ շարժիչը SOM հրթիռների կիրառման համար։
Ֆրանսիա-Թուրքիա պաշտպանական հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար ուշագրավ է Երևանի և Փարիզի միջև ձևավորված պաշտպանական գործընկերության համատեքստում։ Հատկապես կարևոր է ճանապարհային քարտեզով նախատեսվող հետախուզական տվյալների փոխանակումը, քանի որ ֆրանսիական աղբյուրները նախկինում հայտնել էին, որ Ֆրանսիան կարող է ստանձնել Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության կադրերի պատրաստումը։ Այդ տեղեկությունը կապվում էր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան նշանակված Ֆլորիան Էսկյուդիեի հետ, որը մասնագիտացած է ռազմավարական հարցերի, անվտանգության և կիբերանվտանգության ոլորտներում։
Ֆրանսիական կողմը բազմիցս վստահեցրել է, որ Հայաստանի հետ ռազմավարական կամ պաշտպանական հարաբերությունները չի պայմանավորում այլ երկրների հետ իր հարաբերություններով։ Միաժամանակ, դեռ պետք է պարզվի՝ կկարողանա՞ արդյոք Փարիզը խորացնել պաշտպանական կապերը Թուրքիայի հետ և շարունակել աջակցել Հայաստանի զինված ուժերի արդիականացմանը՝ առանց իր քաղաքական առաջնահերթությունները վերանայելու։
Աղբյուր՝ 168.am