Արտաքին աշխարհ
«Չինաստանը դատապարտում է հարձակումը». Մաո Նին
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Եմենի հութիների հարձակումը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Չինաստանը դատապարտում է զգալի թվով զոհերի և վիրավորների պատճառ դարձած հարձակումը և լուրջ մտահոգություն հայտնում հակամարտության սրման կապակցությամբ»,– հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինը։ Նրա խոսքով՝ Պեկինը մշտապես դեմ է խաղաղ բնակիչների և քաղաքացիական օբյեկտների թիրախավորմանը։
Մաո Նինը կոչ է արել հակամարտության կողմերին զերծ մնալ տարածաշրջանային լարվածությունը խորացնող գործողություններից և տարաձայնությունները լուծել երկխոսության ու բանակցությունների միջոցով։ Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ հասնել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման։
Հութիները կրկին թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայաններն ու էներգետիկ օբյեկտները։ Հոկտեմբերի 10-ին Էր Ռիադի օդանավակայանի վրա նրանց հարձակումների հետևանքով 13 մարդ էր զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել։
Հութիների հարձակումները դատապարտել են նաև Թուրքիան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը՝ ընդգծելով աջակցությունն այդ սպառնալիքները կանխելուն ուղղված օրինական միջոցներին ու քայլերին։
Աղբյուր՝ 168.am