Արտաքին աշխարհ
Գերագույն դատարանը կասեցրել է երրորդ երկրներ միգրանտների արտաքսումների սահմանափակումը
ԱՄՆ Գերագույն դատարանը սեպտեմբերի 29-ին բավարարել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի արտակարգ միջնորդությունը՝ կասեցնելով ավելի ցածր ատյանի որոշումը, որը սահմանափակում էր ներգաղթյալների՝ ոչ հայրենի երկրներ արտաքսումը։ Միաժամանակ դատարանը որոշել է այդ հարցը քննել դեկտեմբերին։ Այս մասին հաղորդում է France 24-ը։
Ստորադաս դատարանի որոշմամբ՝ արտաքսման ենթակա անձինք նախապես պետք է պատշաճ և արդյունավետ տեղեկացվեին իրենց տեղափոխման երկրի մասին, որպեսզի կարողանային ներկայացնել հնարավոր հետապնդման վերաբերյալ մտահոգությունները։
Թրամփի վարչակազմը երրորդ երկրներ արտաքսումները հիմնավորում է այն հանգամանքով, որ արտաքսման ենթակա որոշ անձանց հայրենի երկրները հրաժարվում են ընդունել նրանց։ Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր Միացյալ Նահանգներից արտաքսել միլիոնավոր անօրինական ներգաղթյալների, իսկ 2025 թվականին Սպիտակ տուն վերադառնալուց հետո քայլեր է ձեռնարկել արտաքսումները արագացնելու ուղղությամբ։
AFP-ի հետաքննության համաձայն՝ ԱՄՆ-ն աֆրիկյան, ինչպես նաև այլ երրորդ երկրներին միլիոնավոր դոլարի գործարքներ է առաջարկել և սպառնացել վիզաների տրամադրման սահմանափակումներով՝ արտաքսված անձանց ընդունելու նպատակով։ Գործակալությունը հայտնել է նաև, որ այդ երկրներ տեղափոխված որոշ անձինք ենթարկվել են տեղական պահակների բռնություններին, անորոշ ժամկետով կալանքի կամ կարճ ժամանակ անց կրկին արտաքսվել են իրենց հայրենիքներ։
ԱՄՆ Կոնգրեսը երկրի քաղաքականության հիմքում դրել է այն սկզբունքը, որ մարդիկ չպետք է արտաքսվեն այնպիսի երկրներ, որտեղ նրանց կյանքին կարող է վտանգ սպառնալ կամ նրանք կարող են խոշտանգումների ենթարկվել։
Աղբյուր՝ 168.am