Տնտեսություն
Օվերչուկը ակնկալում է Հայաստանի հետագա կառուցողական ներգրավվածությունը ԵԱՏՄ-ում
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանը ակնկալում է Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակությունը Եվրասիական տնտեսական միությունում։ Այս մասին նա ասել է «Վեստ» տեղեկատվական գործակալության լրագրող Մարինա Գրոմովային տված հարցազրույցում՝ պատասխանելով ԵԱՏՄ-ում Հայաստանի հետագա աշխատանքի վերաբերյալ հարցին։
Օվերչուկի խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանին տեսնում է որպես ԵԱՏՄ անդամ։ Նա նշել է, որ միությանն անդամակցելուց անցած մի փոքր ավելի քան 10 տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է գրեթե երեք անգամ, իսկ մեկ շնչին ընկնող եկամուտներն ու ՀՆԱ-ն նույնպես՝ երեք անգամ։
ՌԴ փոխվարչապետի տվյալներով՝ Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների միջև առևտրաշրջանառությունը 2024 թվականին հասել է 12,4 միլիարդ դոլարի, մինչդեռ այդ ժամանակ Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է մոտ 26-27 միլիարդ դոլար։
«Մենք, անկասկած, հույս ունենք, որ Հայաստանը կշարունակի կառուցողականորեն աշխատել Եվրասիական տնտեսական միության մյուս մասնակից պետությունների հետ միասին»,- ասել է Օվերչուկը։
Աղբյուր՝ 168.am