Հասարակություն
Գարեգին Երկրորդը հանդիպել է Սպիտակ տան հավատքի հարցերով ավագ խորհրդականին
Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Սուրբ և Անմահ Պատարագին։ Նա Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում անցկացված Աղոթքի երկրորդ նախաճաշին։
Պատարագից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Վեհարանում ընդունել է Փոլա Ուայթ-Քեյնին։ Վեհափառ Հայրապետը ողջունել է նրա այցը Հայաստան և Մայր Աթոռ՝ այն համարելով հնարավորություն՝ ծանոթանալու հայ ժողովրդին, նրա հոգևոր ու մշակութային ժառանգությանը և քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած երկրին։
Գարեգին Երկրորդը նաև գոհունակություն է հայտնել նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ հայ հոգևոր առաջնորդների հանդիպման կազմակերպման գործում Ուայթ-Քեյնի ներդրած ջանքերի համար։
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են կրոնի և հոգևոր արժեքների նշանակությունը ժողովուրդների ապահով, բարօր ու առաջընթաց կյանքի ձևավորման գործում։ Նրանք կարևորել են նաև հոգևոր առաջնորդների համատեղ ջանքերը՝ աշխարհում խաղաղության և ժողովուրդների համերաշխ համակեցության հաստատման ուղղությամբ։
Փոլա Ուայթ-Քեյնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել Սուրբ Պատարագից ստացած իր տպավորությունները՝ նշելով արարողության ընթացքում ապրած խոր ակնածանքն ու հոգևոր խաղաղությունը։ Նա նաև երախտագիտությամբ անդրադարձել է Հայաստանի հարուստ քրիստոնեական ժառանգությանը։
Աղբյուր՝ aravot.am