Քաղաքականություն
Մեսրոպ Առաքելյան․ թոշակների բարձրացման համար պետք է այլ ծախսեր կրճատել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը քննադատել է մահացած անձի հարազատներին տրամադրվող 200 հազար դրամի թաղման նպաստի կրճատման հաշվին հունվարի 1-ից կենսաթոշակները 1000 դրամով բարձրացնելու կառավարության նախաձեռնությունը։
Aravot.am-ի հետ զրույցում նա նշել է, որ բյուջեում ծախսերը միմյանց հետ ուղղակիորեն կապված չեն, և թոշակների բարձրացումը կարող է իրականացվել այլ՝ ոչ առաջնահերթ կամ անտրամաբանական ծախսերի կրճատման հաշվին։
Առաքելյանի խոսքով՝ նման ծախսերի թվում կարող են լինել պետական ծառայողների բարձր աշխատավարձերն ու պարգևավճարները, ինչպես նաև հազարավոր ծրագրերը, որոնց համար, իր գնահատմամբ, ավելի մեծ գումարներ են հատկացվում, քան փոքր սոցիալական ծրագրերին։
Նա նշել է, որ թաղման նպաստ ստացող որոշ քաղաքացիներ կարող են սոցիալապես ապահովված լինել և այդ աջակցության կարիքը չունենալ, սակայն, իր կարծիքով, ծրագրի կրճատումը առաջնահերթ քայլ չէ։
Նախկին նախարարի գնահատմամբ՝ սննդամթերքի ոլորտում պաշտոնական տվյալներով արձանագրվող 15 տոկոս գնաճի պայմաններում 1000 դրամով բարձրացումը էապես չի փոխի թոշակառուների կյանքի պայմանները։ Նա ասել է, որ նույնիսկ վերջին բարձրացումներից հետո կենսաթոշակները շարունակում են ցածր մնալ և չեն հնարավորություն տալիս ամբողջությամբ հոգալ թոշակառուների ծախսերը։
Առաքելյանը նաև նշել է, որ եթե 1000 դրամը կարևոր բարձրացում է համարվում, ապա նախարարների՝ ավելի քան մեկ միլիոն դրամ կազմող աշխատավարձերը ևս կարող են նույն չափով բարձրացվել։
Աղբյուր՝ aravot.am