Հասարակություն
Գարեգին Երկրորդը հանդիպել է Փոլա Ուայթ-Քեյնի հետ
Հոկտեմբերի 4-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանում ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնին։ Նա Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում անցկացված Աղոթքի երկրորդ նախաճաշին։
Մինչ հանդիպումը Փոլա Ուայթ-Քեյնը Մայր Աթոռում մասնակցել է Սուրբ և Անմահ Պատարագին։ Վեհափառ Հայրապետը ողջունել է նրա այցը Հայաստան և Մայր Աթոռ՝ այն կարևորելով որպես հնարավորություն՝ ծանոթանալու քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած երկրին, հայ ժողովրդին և նրա հոգևոր-մշակութային ժառանգությանը։
Գարեգին Երկրորդը գոհունակություն է հայտնել նաև նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ հայ հոգևոր առաջնորդների հանդիպման կազմակերպման գործում Փոլա Ուայթ-Քեյնի ունեցած ներդրման համար։ Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են կրոնի և հոգևոր արժեքների նշանակությունը ժողովուրդների անվտանգ, բարեկեցիկ և առաջադեմ կյանքի ձևավորման գործում։
Նրանք կարևորել են նաև հոգևոր առաջնորդների համատեղ ջանքերը՝ աշխարհում խաղաղության հաստատման և ժողովուրդների խաղաղ համակեցության ամրապնդման ուղղությամբ։ Փոլա Ուայթ-Քեյնը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և խոսել Սուրբ Պատարագից ստացած իր տպավորությունների, ինչպես նաև Հայաստանի քրիստոնեական հարուստ ժառանգության մասին։
Աղբյուր՝ yerevan.today