Քաղաքականություն
Անդրանիկ Քոչարյանը չի բացառել ադրբեջանցու ներթափանցման այլ նպատակներ
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի դեպքի բոլոր հնարավոր վարկածները պետք է մանրամասն ուսումնասիրվեն։
Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է, որ զինծառայողի՝ Հայաստանի տարածքում հայտնվելը պետք է դիտարկել որպես համազգեստով ադրբեջանական զինված ուժերի ծառայողի ներթափանցում։ Քոչարյանի խոսքով՝ թեև առկա փաստերը կարող են վկայել, որ դեպքը կանխամտածված չի եղել, չի կարելի բացառել նաև այն տարբերակը, որ նման քայլով փորձ է արվել մոլորեցնել հայկական կողմին և հետագայում այլ գործողություն իրականացնել։
Պատգամավորը նշել է, որ պատասխանները պետք է տան պետական անվտանգության կառույցները՝ պարզելով նաև, թե հակառակորդի տարածքից դեպի Հայաստան ինչ հնարավոր ծրագրեր կարող էին մշակվել։
Անդրադառնալով 2023 թվականին ադրբեջանցի զինծառայողների՝ Հայաստան մուտք գործելու և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանելու դեպքին՝ Քոչարյանը հայտնել է, որ կիսում է լրագրողի մտահոգությունը։ Նա նշել է, որ 2023 թվականից հետո իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, և այժմ պետք է պարզել, թե այդ պայմաններում ինչպես են նման դեպքերը հնարավոր դառնում։
Ադրբեջանցի զինված անձին Ադրբեջանին փոխանցելու հարցի վերաբերյալ Քոչարյանն ասել է, որ հարուցված է քրեական գործ, և գործընթացը պետք է իրականացվի դրա պահանջներին համապատասխան։ Նրա խոսքով՝ նման փոխանցումը պարզապես չի իրականացվում և կարող է ենթադրել որևէ այլ պայմանավորվածություն։ Քոչարյանը նաև հիշել է, որ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի և Մեղրիի արտակարգ դրության պարետի պաշտոններում աշխատելու տարիներին ադրբեջանցի զինվորներ գերեվարվել և փոխանակվել են Մեղրիի բնակիչների դիակների հետ։
Աղբյուր՝ aravot.am