Արտաքին աշխարհ
Ֆրանսիա-Թուրքիա ռազմական համագործակցությունը դժգոհություն է առաջացրել Հունաստանում
CNN Türk-ը վիդեոռեպորտաժում անդրադարձել է Թուրքիայի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության ճանապարհային քարտեզին՝ նշելով, որ այդ զարգացումը Աթենքում հիասթափություն և մտահոգություն է առաջացրել։ Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ժամանակ սովորաբար ապավինում էր Փարիզի աջակցությանը։
Հունական լրատվամիջոցները համաձայնագրին արձագանքել են կոշտ վերնագրերով։ «Militaire.gr»-ը այն բնութագրել է որպես ծանր հարված Կիրիակոս Միցոտակիսի արտաքին քաղաքականությանը, «Pronews»-ը՝ «սարսափելի զարգացում», իսկ «Pentapostagma»-ն հրապարակել է «Արդյո՞ք մեզ դավաճանում են» վերնագրով նյութ՝ պնդելով, որ Ֆրանսիան թիկունքից հարվածում է Հունաստանին։
CNN Türk-ի փոխանցմամբ՝ այս զարգացումներին նախորդել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Աթենք, որի ընթացքում ընդլայնվել էր Ֆրանսիա-Հունաստան ռազմական համագործակցության համաձայնագիրը։ Հունական հասարակությանն այն ներկայացվել էր որպես Թուրքիայի դեմ Ֆրանսիայի աջակցության վկայություն։ Սակայն մեկ ամիս անց ֆրանսիական «Safran»-ը և թուրքական «Baykar»-ը ստորագրել էին ռազմավարական համագործակցության պայմանագիր։
Հաղորդման համաձայն՝ Հունաստանն այդ քայլն ընկալել է որպես իր անվտանգությանը սպառնացող ուղղակի վտանգ։ Հարցը քննարկվել է նաև Հունաստանի խորհրդարանում, իսկ Աթենքը Փարիզից պաշտոնական պարզաբանումներ է պահանջել։ CNN Türk-ի թղթակցի խոսքով՝ զարգացումները հատկապես ցավոտ են Հունաստանի համար, քանի որ Արևելյան Միջերկրականում Հունաստանը Կիպրոսի միջոցով Իսրայելին կապող էլեկտրական մալուխի բաժնետոմսերի մեծ մասը փոխանցել էր ֆրանսիական կողմին և Ֆրանսիայի հետ կնքել միլիարդավոր եվրոների ռազմական պայմանագրեր։
Ռեպորտաժում նաև նշվում է, որ Հունաստանը վերջին շրջանում փորձում է Թուրքիային հեռու պահել այն երկրներից, որոնց հետ ինքն ունի ռազմական համաձայնագրեր, ինչպես նաև խոչընդոտել թուրքական կողմի ռազմական գնումներին։ Անցյալ տարի Աթենքը փորձել էր արգելափակել Թուրքիայի կողմից «Eurofighter» կործանիչների ձեռքբերումը, սակայն չէր հաջողել։ Այժմ Վաշինգտոնում հույն-կիպրական լոբբին աշխատում է՝ կանխելու ԱՄՆ-ից Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը։
Աղբյուր՝ aravot.am