Արտաքին աշխարհ
Դոնալդ Թրամփը ցանկանում է այցելել Ուզբեկստան․ ԱՄՆ հատուկ բանագնաց
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է այցելել Ուզբեկստան։ Այս մասին, ըստ ուզբեկական Daryo հարթակի, Ուզբեկստան կատարած այցի ընթացքում հայտնել է գլոբալ գործընկերության հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Պաոլո Զամպոլլին։
«Գիտեմ, որ նա ցանկանում է գալ Ուզբեկստան։ Նախագահի աշխատանքային գրաֆիկը չափազանց հագեցած է, սակայն նա ինձ ասել է, որ ցանկանում է այցելել Ուզբեկստան։ Ես նույնպես մշտապես բարձրացնում եմ այդ հարցը։ Ուստի մի օր նա անպայման կայցելի Ուզբեկստան։ Հուսով ենք, որ այդ այցը տեղի կունենա հնարավորինս շուտ»,– ասել է Զամպոլլին։
Նրա խոսքով՝ Ուզբեկստանն այժմ այն ուղղություններից է, ուր պետք է այցելեն Սպիտակ տան և ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները։ Բանագնացը նաև գոհունակություն է հայտնել երկու երկրների հարաբերությունների զարգացման առնչությամբ՝ նշելով, որ դրանց ամրապնդումը դեռ նոր է սկսվում։
Զամպոլլին Ուզբեկստանը դասել է աշխարհի այն լավագույն 10 ուղղությունների շարքին, որոնք արժե այցելել, և նշել, որ երկիրը գրավիչ է դարձել նաև ներդրումների համար։
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը բազմիցս հրավիրել է Թրամփին՝ իր համար հարմար ժամանակ այցելելու երկիր։ Փետրվարին Միրզիյոևը Թրամփի հրավերով մեկնել էր Վաշինգտոն՝ մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Թրամփը նրան հրավիրել է նաև Խաղաղության խորհրդի հաջորդ նիստին և Մայամիում կայանալիք Մեծ քսանյակի՝ G20-ի գագաթնաժողովին։
Հոկտեմբերի կեսերին սպասվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Սամարղանդ։ Նա կգլխավորի ավելի քան 100 ամերիկյան ընկերություն ներկայացնող գործարար պատվիրակությունը։
Աղբյուր՝ 168.am