Հասարակություն
Դատարանը Արցախում աշխատած դատախազի հատուկ կենսաթոշակի հայցը բավարարել է
Արցախցի փաստաբան Անուշ Շահրամանյանի փոխանցմամբ՝ Հայաստանի վարչական դատարանն ամբողջությամբ բավարարել է Արցախում դատախազ աշխատած և հատուկ կենսաթոշակի իրավունք ունեցող անձի հայցը։
Շահրամանյանի խոսքով՝ Արցախում դատախազ կամ դատավոր աշխատած տեղահանված անձինք զրկվել էին Հայաստանի իրենց գործընկերների հետ հավասար պայմաններով հատուկ կենսաթոշակ ստանալու հնարավորությունից։ Նրա պնդմամբ՝ կենսաթոշակների նշանակումը մերժվել էր միայն այն պատճառով, որ այդ անձինք աշխատել էին Արցախում, ոչ թե Հայաստանում։
Փաստաբանը հայտնել է, որ այս հարցով երեք հայց է ներկայացրել, որոնցից մեկի վերաբերյալ վճիռը ստացել է։ Դատարանի որոշմամբ՝ դատախազի հատուկ կենսաթոշակը նշանակվել է 2023 թվականի հոկտեմբերի 10-ից, և այդ օրվանից համապատասխան գումարները ենթակա են բռնագանձման։
Անուշ Շահրամանյանը նաև նշել է, որ գործը քննել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը։ Նրա գնահատմամբ՝ դատարանի ծանրաբեռնվածության պայմաններում գործը քննվել է կարճ ժամկետներում՝ արդար, արագ և արդյունավետ։
Աղբյուր՝ 168.am