Արտաքին աշխարհ
Արարատից 30 կմ հեռավորության վրա գեոռադարով ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերել

Հետազոտողները Արարատ լեռից մոտ 30 կմ հեռավորության վրա գտնվող նավակաձև երկրաբանական ձևավորման շրջանում գեոռադարային ուսումնասիրությամբ հայտնաբերել են ստորգետնյա կառուցվածքներ։ Տարածքը տասնամյակներ շարունակ կապվում է Նոյյան տապանի հնարավոր գտնվելու վայրի հետ։
Գեոռադարային պատկերների վերլուծությամբ արձանագրվել են գծային հատվածներ, ուղիղ անկյան տակ հատումներ և երկարավուն խոռոչներ։ Հետազոտական խումբը դրանց մի մասը մեկնաբանում է որպես հնարավոր միջանցքներ ու տարածքներ։ 2019 թվականին ստացված տվյալների նախնական ուսումնասիրությունն էլ ցույց էր տվել միջանցքների և սենյակների նմանվող կառուցվածքներ։ Թիմի տեղեկություններով՝ դրանցից որոշները գտնվում են մոտ 9 մետր խորության վրա։
Միաժամանակ հետազոտողները շեշտում են, որ հայտնաբերված անոմալիաները Նոյյան տապանի գոյության ապացույց չեն։ Նախագծի պաշտոնական կայքում տվյալները ներկայացվում են որպես երկրաֆիզիկական նյութեր, որոնք դեռ պետք է լրացուցիչ ուսումնասիրվեն։
2026 թվականի սեպտեմբերին թիմը սկսել է տարածքից հորատանցքային միջուկների ստացումը։ Հորատումն իրականացվում է մինչև 18 մետր խորությամբ՝ լաբորատոր հետազոտությունների համար նմուշներ հավաքելու նպատակով։ Հետազոտողների պնդմամբ՝ նմուշներում արդեն հայտնաբերվել են օրգանական նյութով հարուստ շերտեր, իսկ հորատման ընթացքում արձանագրվել են մի քանի խոռոչներ։ Նրանց տվյալներով՝ խոռոչներից մեկը ջրով է լցված եղել։
Հաջորդ փուլում նախատեսվում է ուսումնասիրել նմուշների կազմը, օրգանական բաղադրիչներն ու հողի կառուցվածքը։ Թիմը մտադիր է հետագայում հրապարակել ավելի մանրամասն արդյունքներ։
Նավակաձև՝ մոտ 157 մետր երկարությամբ այս ձևավորումը հետազոտողների ուշադրության կենտրոնում է 1959 թվականից, երբ այն հայտնաբերվել էր օդալուսանկարներում։ Նոյյան տապանի վարկածի կողմնակիցները կարծում են, որ ստորգետնյա անոմալիաներն ու հողի ուսումնասիրության արդյունքները կարող են վկայել ձևավորման արհեստական ծագման մասին։ Սակայն գոյություն ունի նաև դրա երկրաբանական առաջացման վարկածը, իսկ աստվածաշնչյան տապանի մնացորդ լինելու հանգամանքը անկախ հաստատում չունի։
Հետագա հետազոտությունները պետք է պարզեն՝ արդյոք հայտնաբերված կառույցները կապված են բնական երկրաբանական գործընթացների, թե այլ ծագման հետ։
Աղբյուր՝ 168.am