Հասարակություն

Սաշա Աֆյանի նկատմամբ կրկին կիրառվել է բացակայելու արգելքը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ, Սաշա Աֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց կրկին կիրառել է բացակայելու արգելքը։ Միաժամանակ դատարանը վերացրել է կադաստրում գրավադրված՝ 82 մլն դրամ արժեքով գույքի արգելանքը։

Դատարանի որոշման հիմքում Առողջապահության նախարարությունից ստացված և հանրային մեղադրողի կողմից ներկայացված փաստաթղթերն են։ Դրանց համաձայն՝ Սաշա Աֆյանի հիվանդությունների և առողջական վիճակի ախտորոշման, հետազոտման ու բուժման համար Հայաստանում առկա են համապատասխան բազմապրոֆիլ բժշկական կենտրոններ։

Դատարանը էական է համարել նաև այն հանգամանքը, որ Աֆյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, սակայն այդ մասին չի հայտնել վարույթն իրականացնող մարմնին՝ ոչ նախաքննության, ոչ դատաքննության փուլերում։ Դատարանի գնահատմամբ՝ այդ հանգամանքը, այլ տվյալների համակցությամբ, վկայում է Հայաստանից հեռանալու և վարույթից թաքնվելու ռիսկի մասին։

Դատարանը փախուստի ռիսկի գնահատման շրջանակում հաշվի է առել նաև այն, որ Աֆյանը բուժում ստանալու նպատակով նախատեսել էր մեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ այն պետություն, որի քաղաքացին է։

Սաշա Աֆյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների կիրառմամբ ցրելու, ինչպես նաև քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումներն ու հնարավոր ցույցերն ու հավաքները կանխելու գործողությունների շրջանակում։ Ըստ մեղադրանքի՝ դրանց հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության և պետության օրինական շահերին։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version