Քաղաքականություն

Մեսրոպ Առաքելյան․ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրման ցանկություն չունի

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում շարունակում են լուրջ խնդիրներ մնալ։ «Ա1+»-ի հետ զրույցում նա հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկություն չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը։

Առաքելյանի ներկայացմամբ՝ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում Ադրբեջանին ստիպել կատարել ստորագրած փաստաթղթով ստանձնած պարտավորությունը և սկսել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանը գիտակցում է՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխել հնարավոր չէ։ «Վստահեցնում եմ, խաղաղություն չի հաստատվելու»,- ասել է նա։

Անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների լարվածությանը և «Հայկական երկաթուղիներ» ընկերության կառավարման հարցին՝ Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ իր համոզմամբ՝ Ռուսաստանը չի հանձնի երկաթուղու կառավարումը։ Նա հարց է բարձրացրել, թե արդյոք Հայաստանը պատրաստվում է այդ հարցը վիճարկել միջազգային դատարանում՝ հաշվի առնելով իշխանությունների այն ակնարկները, թե ռուսական կողմը չի կատարել պայմանագրային պարտավորությունները, իսկ համակարգում արձանագրվել են միլիոնավոր դոլարների չարաշահումներ։

Առաքելյանը նաև կասկած է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի դեմ որևէ քայլ կձեռնարկեն։ Նրա խոսքով՝ նման հարցերում անհրաժեշտ է հաշվի առնել աշխարհաքաղաքական իրավիճակը, երկրների ռեսուրսներն ու չափերը։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version