Արտաքին աշխարհ
«Ոչ մի րոպե չեն դադարել». Իրանի բանակի գլխավոր հրամանատար

Իրանի պաշտպանական արդյունաբերությունը վերջին պատերազմների ընթացքում շարունակել է ռազմական տեխնիկայի և սպառազինության արտադրությունը՝ չնայած արտադրական հզորությունները կանգնեցնելու փորձերին։ Այս մասին, ըստ Mehr գործակալության, հայտարարել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Հաթամին։
Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի աջակցման կառույցների աշխատակիցներին հաջողվել է պահպանել ռազմական արտադրանքի արտադրական շղթաները 12-օրյա պատերազմի և Ռամադանի պատերազմի ընթացքում։ Հաթամին ընդգծել է, որ անգամ ամենածանր պայմաններում պաշտպանական արդյունաբերության արտադրությունները «ոչ մի րոպե չեն դադարել»։
Նա նշել է, որ վերջին պատերազմները ցույց են տվել՝ Իրանի ազգային պաշտպանական արդյունաբերությունը մարտի դաշտում հուսալի հենարան է երկրի զինված ուժերի համար։ Հայտարարությունը հնչել է Հաթամիի և Պաշտպանության նախարարության ու Զինված ուժերի աջակցման կառույցների Պաշտպանական արդյունաբերության կազմակերպության գլխավոր տնօրեն Մեհրդադ Ախլաղիի հանդիպմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է հետագա համագործակցությունը։ Հաթամին հայտարարել է, որ բանակը մտադիր է առավելագույնս օգտագործել ազգային ռազմաարդյունաբերական համալիրի հնարավորությունները՝ ռազմական ներուժն ու մարտական և պաշտպանական կարողությունները բարձրացնելու համար։
Մեհրդադ Ախլաղին էլ հայտնել է, որ կազմակերպությունը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Իրանի զինված ուժերի բոլոր չորս տեսակների հետ՝ երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու և բանակի կարիքներն ապահովելու նպատակով։
Աղբյուր՝ 168.am