Քաղաքականություն
«Քաղաքացիների անվտանգությունը ստորադասվել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգին»․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտարարել է, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի՝ ՀՀ սահմանը հատելուց հետո բնակիչները պատշաճ տեղեկացված չեն եղել իրավիճակի մասին։
ԱԺ հայտարարությունների ժամին Վարդանյանը նշել է, որ գործընկեր Գառնիկ Դանիելյանի հետ այցելել է Շաքի և պարզել, որ տեղեկացված են եղել միայն հովիվները՝ արտասովոր անձի նկատման դեպքում ահազանգելու նպատակով։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը ահազանգ էր ստացել, որ Շաքիում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։
Վարդանյանի խոսքով՝ բնակավայրում ճանապարհների նկատմամբ իրականացվել է ռազմական ոստիկանության խստացված հսկողություն, սակայն բնակիչները տեղեկացված չեն եղել, իսկ որոնողական գործողությունները տեսանելի չեն եղել։ Պատգամավորը դա բացատրել է նրանով, որ, իր գնահատմամբ, քաղաքացիների անվտանգությունը ստորադասվել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգին։
Աղբյուր՝ aravot.am