Քաղաքականություն

«Երբ թշնամիդ կանգնում է սեփական կառավարությանդ կողքին, կասկածելու լուրջ հիմքեր են առաջանում»․ Հարութ Սասունյան

Հարութ Սասունյանը գրում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններն ու նրանց լրատվամիջոցները հետևում են Հայաստանի և Սփյուռքի զարգացումներին՝ հատկապես թիրախավորելով Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին։ Նրա խոսքով՝ այդ արձագանքները ցույց են տալիս, որ Ադրբեջանը ողջունում և աջակցում է Հայաստանի վարչապետի վարած քաղաքականությանը։

Սասունյանը որպես վերջին օրինակ նշում է Ատլանտայից Հարություն Աղա-Սարգսյանի հոդվածը, որը սեպտեմբերի 29-ին հրապարակվել էր հայաստանյան լրատվական կայքերից մեկում։ Հոդվածում քննադատվել էր Փաշինյանի՝ սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ամերիկահայ ուսանողների հետ հանդիպումը և «Իրական Հայաստանի» հայեցակարգը։

Սեպտեմբերի 30-ին ադրբեջանական 1news.az կայքը հրապարակել էր Ֆարիդա Բաղիրովայի հոդվածը, որտեղ քննադատության էր ենթարկվել Աղա-Սարգսյանը, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցին ու սփյուռքյան որոշ շրջանակներ։ Բաղիրովան Փաշինյանի հայեցակարգը ներկայացրել էր որպես ռևանշիզմին հակադրվող քաղաքականություն՝ պնդելով, որ արտերկրի լոբբիստները չպետք է Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը զոհաբերեն իրենց գաղափարների համար։

Սասունյանի գնահատմամբ՝ ադրբեջանական հրապարակումները փաստացի պաշտպանում են Փաշինյանի քաղաքականությունը, որը, նրա պնդմամբ, համապատասխանում է Ադրբեջանի և Թուրքիայի ցանկություններին։ Նա գրում է, որ Փաշինյանը զիջումների է գնացել, Ադրբեջանին է հանձնել Արցախը և Հայաստանի տարածքից հատվածներ՝ միաժամանակ հեռանալով Հայաստանի քաղաքացիներից ու Սփյուռքից։

Հոդվածում Սասունյանը վիճարկում է նաև Ադրբեջանի՝ խաղաղասեր պետություն լինելու մասին հայտարարությունները։ Նա նշում է, որ Իլհամ Ալիևը հրաժարվել է ստորագրել համաձայնեցված «Խաղաղության պայմանագիրը», սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին և չի ազատ արձակել Բաքվում պահվող Արցախի նախկին պաշտոնյաներին։ Նրա խոսքով՝ խաղաղությունը չի կարող լինել միակողմանի, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի գլխավոր մտավախությունն այն է, որ Փաշինյանին կփոխարինի ազգային շահերը պաշտպանող հայ ղեկավար։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version