Քաղաքականություն
«Ռուսաստանն ուզում է վերցնել Մեղրիի թուրանական միջանցքը»․ Դավիթ Շահնազարյան
Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը Factor TV-ի հետ զրույցում Հայաստանի իշխանություններին և խորհրդարանական ընդդիմությանը մեղադրել է քաղաքական բովանդակության բացակայության և Ռուսաստանի շահերը սպասարկելու մեջ։ Նրա խոսքով՝ իշխանությունն ու ընդդիմությունը հասարակությանը ներկայացնում են երկու անընդունելի ընտրություն, իսկ նրանց գործողությունները քաղաքականության փոխարեն բեմականացված գործընթաց են։
«Այլ պիեսներ կան, թատրոններ կան, դե բեմականացված միտինգները… բացարձակապես քաղաքականություն գոյություն չունի»,- ասել է Շահնազարյանը։ Նա նաև նշել է, որ ընդդիմության այն ակնկալիքը, թե «ռուսական 11-րդ բանակը» կգա և իշխանություն կնշանակի, իրականություն չի դառնալու։
Շահնազարյանի պնդմամբ՝ իշխանությունն ու ընդդիմությունը նույն կերպ են առաջ տանում Ռուսաստանի շահերը Հայաստանում։ Նա իշխանության՝ դեպի Եվրոպա շարժվելու մասին հայտարարություններն անվանել է կեղծ՝ նշելով, որ այդ ուղղությամբ գործնական քայլեր չեն արվում։
Քաղաքական գործիչը նաև ընդգծել է Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրի հիմնական մասը Ռուսաստանի հետ է, իսկ երկիրը դե ֆակտո չի դուրս եկել ոչ ՀԱՊԿ-ից, ոչ էլ ԵԱՏՄ-ից։
Շահնազարյանը վտանգավոր է համարել Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունը՝ այն անվանելով «Մոսկվա-Անկարա-Բաքու դաշինք», որի հիմնական նպատակը, ըստ նրա, Հայաստանի դեմ է։ Նա պնդել է, որ Ռուսաստանի գլխավոր թիրախը Սյունիքն է։ «Ռուսաստանն ուզում է վերցնել այս Մեղրիի թուրանական միջանցքը, նեոօսմանական միջանցքը, որպեսզի կարողանա իրականացնել Թուրքիայի հետ իր ռազմավարական նպատակը՝ աշխարհաքաղաքական կենտրոն դառնալու»,- ասել է նա։
Շահնազարյանի գնահատմամբ՝ Հայաստանը չունի զարգացման տեսլական կամ ռազմավարական ծրագիր։
Աղբյուր՝ aravot.am