Քաղաքականություն
«Պատրաստ են «ոսկե սարեր» խոստանալ Հայաստանին». ՌԴ ԱԳՆ պաշտոնյա

Արևմուտքը, Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու նպատակով, Հայաստանին խոստանում է լայնածավալ բեռնահոսքեր և երկաթուղային ենթակառուցվածքում ներդրումներ։ Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Հետապնդելով մեր երկիրը տարածաշրջանից դուրս մղելու աշխարհաքաղաքական նպատակներ՝ նրանք պատրաստ են «ոսկե սարեր» խոստանալ՝ լայնածավալ բեռնահոսքեր, ներդրումներ երկաթուղային գծերի կառուցման և վերականգնման մեջ»,- ասել է դիվանագետը։
Կալուգինի խոսքով՝ հենց արևմտյան զրուցակիցները կարող են Հայաստանի ղեկավարությանը հուշել Ռուսաստանի հետ համագործակցության «թունավորության» մասին փաստարկներ։ Նա նաև պնդել է, որ Երևանին տնտեսական աջակցության խոստումների դիմաց փաստացի դրդում են միանալ հակառուսական պատժամիջոցներին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնյան հայտարարել է, որ պատժամիջոցային քաղաքականությունն արդեն զգալի վնաս է հասցրել այն երկրներին, որոնք այն վարել են, հատկապես՝ Եվրամիության պետություններին։ Նրա գնահատմամբ՝ Եվրոպայում փոխվում են պատժամիջոցների նկատմամբ հասարակական տրամադրությունները, ինչը արտացոլվում է ԵՄ առաջատար երկրների ներքաղաքական գործընթացներում։
Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցքների հեռանկարները գնահատելիս Կալուգինը կարևորել է աշխարհագրական և տնտեսական գործոնները։ Նրա կարծիքով՝ երկարաժամկետ հեռանկարում երթուղիների զարգացումը որոշվելու է ոչ թե քաղաքական որոշումներով, այլ տնտեսական նպատակահարմարությամբ։
Դիվանագետը նշել է, որ բեռնառաքողների համար կարևոր են փոխադրման արժեքը, ժամկետները, թողունակությունը և լրացուցիչ մաքսային ընթացակարգերի առկայությունը, որոնք ազդում են ժամանակացույցի կանխատեսելիության վրա։
Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը գտնվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիոն կառավարման ներքո։ Ընկերությունը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստրն է։ 2008 թվականին Հայաստանը երկաթուղային ենթակառուցվածքը նրան հանձնել է 30 տարվա կոնցեսիոն կառավարման՝ ևս 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Աղբյուր՝ 168.am