Քաղաքականություն
«Աշխարհը գնում է դեպի նոր Յալթայի». Գարիկ Քեռյանը՝ Թրամփ-Պուտին պայմանավորվածության հետևանքների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան կայացած մեկուկես ժամանոց հեռախոսազրույցից հետո Թրամփը հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են Ռուսաստանից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիքի մեծածավալ մատակարարումների շուրջ։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին գործարքի համար։
ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանի գնահատմամբ՝ այս քայլը պայմանավորված է միաժամանակ տնտեսական, քաղաքական և անվտանգային գործոններով։ Նրա խոսքով՝ ռուսական վառելիքի և գազի նկատմամբ սահմանված պատժամիջոցները լուրջ խնդիրներ են առաջացրել ինչպես Եվրոպայում, այնպես էլ ԱՄՆ-ում, որտեղ դիզելային վառելիք է օգտագործվում մեծաքանակ մեքենաների և նավատորմի կողմից։
Քեռյանի պնդմամբ՝ ռուսական դիզելային վառելիքի հասանելիության սահմանափակումը ԱՄՆ-ում հանգեցրել է շղթայական թանկացումների և սոցիալական դժգոհության աճի։ Նա դա կապում է նաև նոյեմբերին նախատեսված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների հետ՝ նշելով, որ նման լարվածության պահպանման դեպքում հանրապետականները կարող են քիչ շանսեր ունենալ հաղթելու։ Նրա գնահատմամբ՝ Դեմոկրատների կողմից Կոնգրեսի վերահսկողության ստանձնումը կարող է օբյեկտիվ հիմքեր ստեղծել Թրամփի իմպիչմենթի համար։
Քաղաքագետի խոսքով՝ մյուս կարևոր գործոնը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ձգվող պատերազմներն են։ Նա նշել է, որ Թրամփի նախընտրական արշավի ընթացքում հնչեցրած՝ պատերազմներն արագ ավարտելու խոստումը չի կատարվել, իսկ ստեղծված իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ նրա վարչակարգի և առաջիկա ընտրությունների վրա։
Քեռյանը նաև նշել է, որ Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայության շարունակությունը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ՝ այդ թվում միջուկային պատերազմի վտանգ։ Նրա գնահատմամբ՝ ՌԴ-ի նկատմամբ մոտեցումների փոփոխությունն ունի տնտեսական, քաղաքական և էքզիստենցիալ լուրջ նախադրյալներ։
«Պատժամիջոցների վերացումը կարող է փոխել նաև ընդհանուր միջազգային իրավիճակը»,– ասել է նա՝ ընդգծելով, որ ռուսական դիզելային վառելիքի վաճառքի թույլտվությունը և պատժամիջոցների հնարավոր մեղմացումը կարող են մեծացնել Ռուսաստանի տնտեսական ներուժն ու միջազգային ազդեցությունը։
Գարիկ Քեռյանի խոսքով՝ փորձագիտական շրջանակներում քննարկվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև նոր գլոբալ համաձայնության հնարավորությունը։ «Փաստացիորեն աշխարհը գնում է դեպի նոր Յալթայի՝ նոր բաժանման և գլոբալ ազդեցության գոտիների սահմանագծման»,– նշել է նա։
Քաղաքագետը գործընթացներին ուշադիր հետևելու անհրաժեշտություն է ընդգծել հատկապես Հարավային Կովկասի երկրների և Հայաստանի իշխանության համար։ Նրա խոսքով՝ պետք է խուսափել Ռուսաստանի, Եվրամիության կամ ԱՄՆ-ի դեմ կտրուկ շրջադարձերից և ընտրել առավել անվտանգային ու կայուն տարբերակը։
Աղբյուր՝ 168.am