Քաղաքականություն
«Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպությանը 90 տոկոս կանխավճար են տվել»․ Լենա Մաթևոսյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը հայտարարել է, որ COP17-ի գովազդային արշավի իրականացման համար պայմանագիր կնքած կազմակերպությանը վճարվել է 90 տոկոս կանխավճար՝ այն դեպքում, երբ, նրա խոսքով, կազմակերպությունը նախկինում ձախողել էր Սնուփ Դոգի համերգը։
«Մենք դեմ չենք COP17-ի իրականացմանը ՀՀ-ում, քանի որ սա միջազգային հեղինակավոր համաժողով է։ Բայց մենք դեմ ենք, որ այս տեսակի միջոցառումները վերածվեն պետական գումարների անթափանցիկ ծախսման կամ մսխման ՀՀ-ում»,— ԱԺ արտահերթ նիստում ասել է պատգամավորը։
Մաթևոսյանի խոսքով՝ COP17-ի գովազդային արշավի համար կնքված երեք պայմանագրերով նախատեսվել է համապատասխանաբար 54 միլիոն, 208 միլիոն և 189 միլիոն դրամ։ Նա նշել է, որ ընդհանուր առմամբ արշավի վրա ծախսվում է մոտ 452 միլիոն դրամ։
Պատգամավորը հայտնել է, որ Շրջակա միջավայրի նախարարությունը փետրվարի 23-ին պայմանագիր է կնքել և 90 տոկոս կանխավճար տրամադրել այն կազմակերպությանը, որը, իր պնդմամբ, դեռ որևէ ծառայություն չի իրականացրել։
ԱԺ-ն քննարկել և վավերացրել է Հայաստանի կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև համաձայնագիրը՝ COP17-ի, ինչպես նաև Կարթագենյան և Նագոյայի արձանագրությունների կողմերի համաժողովների հանդիպումների անցկացման վերաբերյալ։
Աղբյուր՝ aravot.am