Արտաքին աշխարհ
«Այս մասշտաբի սխալի համար արդարացում չկա». Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի կորուստները վերանայել է
Պենտագոնը վերանայել է Իրանի դեմ պատերազմի ընթացքում ԱՄՆ զինվորականների կորուստների տվյալները։ Թարմացված վիճակագրության համաձայն՝ զոհվել է 21 մարդ՝ նախկինում հաղորդված 18-ի փոխարեն, իսկ վիրավորների թիվը հասել է 865-ի։ Օգոստոսից ի վեր վիրավորների թիվն աճել է 98-ով։
Նոր տվյալները հրապարակվել են Պենտագոնի կորուստների վերլուծության համակարգում՝ Defense Casualty Analysis System-ում։ Գործակալությունը չի պարզաբանել, թե ինչու է վիճակագրությունը վերանայվել։ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական ակտիվ գործողությունները փաստացի դադարեցվել են մի քանի շաբաթ առաջ։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Սմիթն ու Քրիսի Հուլահանը նախորդ շաբաթ Պենտագոնից բացատրություն էին պահանջել այն բանից հետո, երբ Զինված ուժերի հարցերով հանձնաժողովը զոհերի վերաբերյալ հաղորդումներում անհամապատասխանություններ էր հայտնաբերել։ «Այս մասշտաբի սխալի համար արդարացում չկա»,– հայտարարել էին օրենսդիրները։ Նրանք նաև քննադատել էին պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին՝ տվյալների ժամանակին ուղղումը չապահովելու համար։
Սեպտեմբերին The Washington Post-ը գրել էր, որ Իրանի հետ հակամարտության ընթացքում ԱՄՆ զինվորականների իրական կորուստները գերազանցում են պաշտոնական թվերը։ Հեգսեթը հերքել էր այդ տեղեկությունը՝ թերթին մեղադրելով չճշտված տվյալներ տարածելու մեջ։
Պենտագոնը նախկինում ևս վերանայել է վիճակագրությունը։ Հուլիսի 20-ին նախարարությունը, առանց պատճառաբանության, հայտնել էր, որ տուժածների թիվը 100-ով ավելի է։ Երեք օր անց զոհերի թիվը 18-ից նվազեցվել էր 14-ի՝ որպես պատճառ նշելով տվյալների փոխանցման ժամանակավոր խափանումները։
Հուլիսի վերջին նախարարությունը հայտարարել էր, որ Իրանի դեմ «Էպիկական ցասում» գործողությունն ավարտվել է հունիսյան հրադադարից հետո, իսկ հետագա կորուստները հաշվարկվելու են արտերկրյա գործողությունների կատեգորիայում։
Աղբյուր՝ 168.am