Քաղաքականություն
«Եթե Կայա Կալասին քարտեզ տան, չի կարողանա ցույց տալ՝ որտեղ է Վրաստանը». Կալաձե
Թբիլիսիի քաղաքապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից Կախա Կալաձեն հայտարարել է, որ իրեն «բոլորովին չի հետաքրքրում» Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների հանդիպումը, որի օրակարգում Վրաստանում ստեղծված իրավիճակի քննարկումն է։
Կալաձեի խոսքով՝ այդ թեմայով հնչող հայտարարությունները «հիմնված են անարդարության և ստի վրա»։ Նա նաև հայտարարել է, որ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը չի կարողանա քարտեզի վրա ցույց տալ Վրաստանի գտնվելու վայրը։
«Ցանկացած նորմալ մարդ, ով կատարվողին մոտենում է կշռադատված և չի դիմում քաղաքական շահարկումների, գիտակցում է Վրաստանի նշանակությունը»,- ասել է Կալաձեն։ Նրա պնդմամբ՝ Վրաստանում իշխանության բերելու իրենց «գործակալական ցանցի ներկայացուցիչներին» ձգտող ուժերը հետագայում երկիրը կօգտագործեն սեփական շահերի համար՝ ստիպելով անել այն, ինչ իրենց է ձեռնտու։
Կալաձեն նշել է, որ Վրաստանը աշխարհագրական դիրքով և այլ առումներով առաջատար երկիր է։ Նա նաև ընդգծել է երկրի տնտեսական ու ժողովրդավարական զարգացումը վերջին տարիներին և խոսքի ու կարծիքի արտահայտման ազատությունը։
Միաժամանակ նա քննադատել է խոսքի ազատության այն ընկալումը, որի շրջանակում, իր խոսքով, թույլատրվում է հայհոյել, վիրավորել ու հալածել այլ տեսակետ ունեցող մարդկանց։ Կալաձեի խոսքով՝ Վրաստանը կառուցում է մի երկիր, որտեղ յուրաքանչյուր մարդ կունենա խոսքի, ինքնարտահայտման ազատություն և հավասար հնարավորություններ։
Աղբյուր՝ yerevan.today