Հասարակություն
Քաշաթաղցի պահեստազորային Արմեն Մանուչարյանի աճյունը հուղարկավորվել է Եռաբլուրում
Ապրիլի 18-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում հուղարկավորվել է Քաշաթաղի շրջանի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի աճյունը։ Նա Արցախյան վերջին պատերազմի ընթացքում անհայտ կորած էր համարվում։
Արմեն Մանուչարյանը ծնվել է 1975 թվականի հուլիսի 8-ին ՀԽՍՀ Շամշադինի շրջկենտրոն Բերդում։ 1976 թվականին ընտանիքը տեղափոխվել է Երևան։ Նա 1981-1991 թվականներին սովորել է Երևանի Գ. Ադդարյանի անվան միջնակարգ դպրոցում, իսկ 1994-1996 թվականներին ծառայել է Հայոց բանակում։
Զորացրվելուց հետո՝ 1996 թվականին, տեղափոխվել է Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնատուն գյուղ, որտեղ ապրել է 24 տարի։ Մանուչարյանը զբաղվել է գյուղատնտեսությամբ, համայնքի բնակիչներին աջակցել իր տրակտորով, իսկ 2008 թվականից աշխատել է Քաշաթաղի շրջանի անասնաբուժական կայանում՝ որպես Ծաղկաբերդի տեղամասի անասնաբույժ։ Միաժամանակ սովորել է Երևանի գյուղատնտեսական ակադեմիայի Ստեփանակերտի մասնաճյուղի անասնաբուժության բաժնում։
Անասնաբուժական կայանի աշխատակից Անահիտ Համբարձումյանի խոսքով՝ Մանուչարյանը պարտաճանաչ և բարեխիղճ մասնագետ էր, որի աշխատանքից գոհ էին տարածքի բնակիչներն ու անասնապահները։
2016 թվականի ապրիլյան պատերազմի առաջին օրերից նա կամավոր մեկնել էր առաջնագիծ։ Արմեն Մանուչարյանի քույրը՝ Արմինեն, հայտնել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին եղբայրը մեկնել է ռազմաճակատ և մարտնչել Մեխակավան-Ջաբրայիլ ուղղությամբ։ Նրա հետ կապը կորել է հոկտեմբերի 2-ից, և նա համարվել է անհայտ կորած։
Քրոջ տեղեկացմամբ՝ Մանուչարյանի աճյունը եղել է Բաքվից հայկական կողմին փոխանցված 106 աճյունների թվում։ Նրա ինքնությունը հաստատվել է ԴՆԹ հետազոտությամբ։
Աղբյուր՝ aravot.am