Քաղաքականություն
Էդգար Ղազարյանը քննադատել է Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների քաղաքականությունը
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան և Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում անդրադարձել է Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններին։
Նրա խոսքով՝ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը Հայաստանը ՀԱՊԿ-ում խնդիրներ չի ունեցել։ Ղազարյանը հիշեցրել է, որ 2022 թվականին Հայաստանը՝ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ, ղեկավարել է ՀԱՊԿ-ը, իսկ Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ կազմակերպությունը միջամտել է այդ երկրի դիմումի հիման վրա։
Ղազարյանը նշել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հարձակումից հետո Փաշինյանը նախ բանակցություններ է վարել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև դիմել է ՀԱՊԿ-ին։ Նրա գնահատմամբ՝ այդ դիմումն առանձնահատուկ էր, քանի որ Հայաստանը կազմակերպության օգնությանը դիմել էր առաջին անգամ, իսկ այդ ժամանակ ՀԱՊԿ-ը նախագահում էր հենց Փաշինյանը։
Նախկին պաշտոնյան նաև հարց է բարձրացրել, թե ինչու 2022 թվականի սեպտեմբերյան հարձակման ժամանակ Հայաստանում ռազմական դրություն չի հայտարարվել։ Նա հիշեցրել է, որ Հայաստանի պատմության ընթացքում ռազմական դրություն հայտարարվել է միայն մեկ անգամ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում էր սկսել Արցախի դեմ։
Ղազարյանի խոսքով՝ Ջերմուկի ուղղությամբ հարձակումից հետո Հայաստան են ժամանել ՀԱՊԿ ներկայացուցիչներ, այդ թվում՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, որը պետք է օգնության փաթեթ մշակեր։ Նա պնդել է, որ Զասին Փաշինյանը չի ընդունել, իսկ նրան հանդիպել են միայն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ու Ջերմուկի քաղաքապետը։
Ըստ Ղազարյանի՝ այդ ընթացքում Փաշինյանը մեկնել է ՄԱԿ և հանդիպել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Նա նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում մշակված փաստաթուղթը չի ընդունվել կոնսենսուսի բացակայության պատճառով, և պնդել է, թե դրան դեմ է քվեարկել Հայաստանի վարչապետը։
Ղազարյանը քննադատել է նաև Փաշինյանի այն դիրքորոշումը, թե չի կարող ստորագրել փաստաթուղթը, քանի որ ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի սահմանները։ Նա հիշեցրել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի՝ Հայաստանում ձերբակալության դեպքը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել առանց կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին նախապես տեղեկացնելու։
Աղբյուր՝ 168.am