Քաղաքականություն
Արեգա Հովսեփյանը քննադատել է Իրանի այցի մասին հաղորդագրության ձևավորումը
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը քննադատել է ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ Իրանի նախկին դրոշի օգտագործումը։
Նրա խոսքով՝ ԱԳՆ պաշտոնյան նախարարի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն նախատեսվող այցի մասին գրառման մեջ կիրառել է Իրանի նախկին դրոշը, որի նկատմամբ Իրանում, ըստ պատգամավորի, «խիստ զգայուն վերաբերմունք» կա։ Հովսեփյանը նշել է, որ այդ դրոշն օգտագործվել է մինչև հեղափոխությունը, իսկ այժմ կիրառվում է արտերկրում Իրանի դեսպանատների դեմ բողոքի ակցիաների ժամանակ։
Պատգամավորը հավելել է, որ X հարթակը այդ խորհրդանիշը համեմատաբար վերջերս է ներառել իր սիմվոլների ցանկում։ Նա հարց է բարձրացրել՝ սխալը պատահակա՞ն է եղել, թե՞ միտումնավոր՝ նշելով, որ առաջին դեպքում դա վատ է, քանի որ նման նրբություններին պետք է տիրապետի բարձրաստիճան դիվանագետը, իսկ երկրորդ դեպքում՝ «շատ վատ», քանի որ հարևանները նման հարցերի նկատմամբ գերզգայուն են։
Հովսեփյանի գնահատմամբ՝ նման «դետալների» պատճառով Հայաստանի և հարևանների փոխհարաբերությունների նշաձողը նվազում է։
Աղբյուր՝ yerevan.today