Արտաքին աշխարհ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին բարեկամական հարաբերություններ է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի հետ և անհրաժեշտ է համարում երկու երկրների հետ աշխատել սահմանների սահմանազատման ու սահմանագծման ուղղությամբ։ Այս մասին, ըստ APA-ի վրացական բյուրոյի, նա ասել է «Իմեդի» հեռուստաալիքի «Բաց օդ» հաղորդման ընթացքում։
Կոբախիձեի խոսքով՝ գործընթացը պետք է շարունակվի բացառապես բարեկամության ոգով։ Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ սահմանին գտնվող Քեշիկչիդագի քարանձավային համալիրին՝ նշելով, որ այդ հարցի շուրջ ևս ակտիվ աշխատանք է իրականացվում նույն մոտեցմամբ։
Վրաստանի վարչապետը նշել է, որ որպես այլընտրանքային ճանապարհ նախատեսվող TRIPP երթուղին իր երկրի համար մրցակից չի համարվում։ Նրա խոսքով՝ այն կամ որևէ այլ երթուղի չի կարող էական խնդիրներ առաջացնել Վրաստանով անցնող ավանդական երթուղիների, այդ թվում՝ Անակլիայի համար։
Կոբախիձեն հայտնել է, որ 2020 թվականից ի վեր Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալն աճել է յոթ անգամ։ Նրա գնահատմամբ՝ այդ աճը նոր ենթակառուցվածքների և երթուղիների դիվերսիֆիկացման անհրաժեշտություն է առաջացրել։
Աղբյուր՝ yerevan.today