Քաղաքականություն
Ղալիբաֆը զգուշացրել է Կովկասում արտատարածաշրջանային ուժերի միջամտության հետևանքների մասին
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Իրանի անփոփոխ քաղաքականությունը հարևանների հետ գործնական և ռազմավարական մակարդակներում հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումն է։ Այս մասին հաղորդում է Pars Today-ը։
Ղալիբաֆը հույս է հայտնել, որ մոտ ապագայում վերջնականապես կհամաձայնեցվի Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցության համաձայնագիրը։ Նրա խոսքով՝ երկու երկրները կարող են քննարկել նաև Կովկասի տարածաշրջանային հարցերը, այդ թվում՝ տրանսպորտային երթուղիները։
Իրանի խորհրդարանի նախագահի գնահատմամբ՝ Կովկասը խաղաղության կարիք ունի, որը պետք է ապահովվի պաշտոնական սահմանների ամրապնդմամբ։ Նա նշել է, որ փորձը ցույց է տվել՝ արտատարածաշրջանային ուժերի միջամտությունը կարող է հանգեցնել ապակայունացման։ Որպես օրինակ՝ Ղալիբաֆը մատնանշել է Պարսից ծոցի տարածաշրջանը՝ պնդելով, որ օտար տերությունների ներկայությունը այնտեղ չի ապահովել որոշ երկրների անվտանգությունը և հանգեցրել է անկայունության։
Նա նաև հայտարարել է, որ Իրանի և Հայաստանի միջև քաղաքական ու տնտեսական ոլորտներում շարունակական համագործակցությունը կարող է գործնական արդյունքներ ապահովել տարանցման, էներգետիկայի և այլ ուղղություններով։ Ղալիբաֆը քննադատել է նաև ԱՄՆ-ին՝ պնդելով, որ այն ռազմական ոլորտում չի հասել իր նպատակներին Իրանի նկատմամբ, իսկ քաղաքական ոլորտում խախտել է հուշագրի իրականացման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Աղբյուր՝ 168.am