Քաղաքականություն
ԱԺ նիստը ընդմիջվեց պատգամավորների միջև բախումից հետո
Ազգային ժողովի նոր մեկնարկած քառօրյայի առաջին նիստը ընդմիջվեց ՔՊ խմբակցության և ընդդիմադիր պատգամավորների միջև տեղի ունեցած քաշքշոցից ու հրմշտոցից հետո։ Միջադեպի ընթացքում իրավիճակը հասել է նաև ձեռնամարտի։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նիստը ընդմիջելուց առաջ դիմեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանին, երբ վերջինս լարված մոտենում էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմը։
Միջադեպը սկսվել էր այն բանից հետո, երբ Ռուբինյանը անջատել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի խոսափողը։ Ղազարյանը ԱԺ ամբիոնից խոսում էր ԱԺ նախագահի ընտրության հարցը օրակարգում չընդգրկելու և քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։
Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ Ղազարյանի ելույթը չի վերաբերում օրակարգին և ընդհատել էր այն։ Ղազարյանը պահանջել էր վերականգնել իր ելույթի ժամանակն ու միացնել խոսափողը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել էր, որ ելույթի միայն կեսն է անցել, իսկ Արամ Վարդևյանն առաջարկել էր թույլ տալ պատգամավորին ավարտել նախադասությունը։
Ռուբինյանը որոշ ժամանակ անց կրկին միացրել էր Ղազարյանի խոսափողը, սակայն վերջինիս հայտարարությունից հետո այն կրկին անջատել էր։ Դրանից հետո նիստերի դահլիճում սկսվել էր միջադեպը, և ԱԺ նախագահը ստիպված էր ընդմիջել նիստը։
Ընդդիմադիր պատգամավորներն իրենց ելույթներում և հարցերում հակասահմանադրական էին համարում ՔՊ-ի նախաձեռնությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեության և դրա շուրջ ստեղծված խնդիրներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը։
Աղբյուր՝ aravot.am