Քաղաքականություն
«Գազի գինը կբարձրանա, հաջորդիվ այլ սահմանային միջադեպեր կլինեն». Ալեքսանդր Կռիլով
168TV-ի «Թրիգեր» հաղորդման ընթացքում ռուս քաղաքագետ, պատմական գիտությունների դոկտոր և ՌԴ ԳԱ Ե. Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կովկասի բաժնի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը խոսել է ռուս-հայկական հարաբերությունների փոփոխության և Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակի մասին։
Կռիլովը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ նկատվում է տարբեր ուժային կենտրոնների միջև հավասարակշռումից դեպի եվրոպական ուղղության ավելի հստակ կողմնորոշում անցում։ Քննարկվել են այդ քաղաքականության հնարավոր հետևանքները, Հայաստանում ռուսական ներկայության փոփոխությունը, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հեռանկարները և անվտանգության հարցերը՝ ռուսական դերի հետագա նվազման դեպքում։
Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի կախվածությանը ռուսական էներգետիկայից, ատոմային էներգետիկայից, տնտեսական կապերից և ռուսական շուկայից։ Քննարկվել է, թե որքան արագ կարող է տեղի ունենալ քաղաքական հեռացումը՝ պահպանելով տնտեսական և տեխնոլոգիական փոխկախվածությունը։
Զրույցի առանձին հատվածում խոսվել է TRIPP նախագծի աշխարհաքաղաքական նշանակության, ինչպես նաև Հայաստանի տնտեսական ու ռազմավարական դիրքի վրա դրա հնարավոր ազդեցության մասին։ Կռիլովը նաև նշել է, որ գազի գինը կբարձրանա, իսկ դրան հաջորդելու են այլ սահմանային միջադեպեր։
Քննարկվել են Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության փոփոխությունը, Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի և Իսրայելի դերերի մեծացումը, ինչպես նաև նոր տարածաշրջանային իրավիճակում Ռուսաստանի հեռանկարները։ Անդրադարձ է եղել նաև ժողովրդագրական գործընթացներին, Հայաստանի ներքին հավասարակշռության փոփոխության ռիսկերին, սահմանների բացմանը և տարածաշրջանային հաղորդակցությունների փոփոխության հնարավոր երկարաժամկետ հետևանքներին։
Աղբյուր՝ 168.am