Տնտեսություն
«Իրավական մեխանիզմ, որով մեզ ԵԱՏՄ-ից կհանեն, չկա»․ Վաչե Գաբրիելյան
ՀՀ նախկին փոխվարչապետ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը «Դասեր» հաղորդաշարում հայտարարել է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու իրավական մեխանիզմ գոյություն չունի։ Նրա խոսքով՝ այդ հարցի քննարկմանը կարող են բերել քաղաքական ճնշումները, որոնք կարող են լինել իրավական, ռազմական կամ տնտեսական բնույթի։
Գաբրիելյանի գնահատմամբ՝ հնարավոր ճնշումների թվում կարող են լինել գազի սակագնի բարձրացումը, մատակարարումների դադարեցումը կամ այլ սահմանափակումներ։ Նա նշել է, որ գազի ներկայիս գինը՝ շուրջ 170 դոլարը, որևէ տեղ ամրագրված չէ որպես պարտադիր նորմ, ուստի մատակարարման դադարեցումը կարող է ներկայացվել ոչ թե որպես քաղաքական որոշում, այլ որպես տեխնիկական խնդիր, օրինակ՝ խողովակաշարի հետ կապված վթար։
Նրա խոսքով՝ նման զարգացումների դեպքում ամենաշատը կարող են տուժել ջերմոցային տնտեսությունները։ Դրանք միաժամանակ կախված են ռուսական շուկայից, որտեղ արդեն սահմանափակումներ կան, և էներգակիրների գներից։ Գաբրիելյանը նշել է, որ ջերմոցային տնտեսությունների ու հարակից գյուղատնտեսական արտադրանքի ծավալը գնահատվում է շուրջ 600-700 միլիոնի կարգի։ Նրա գնահատմամբ՝ ՀՆԱ-ի վրա ազդեցությունը կարող է էական չլինել, սակայն զբաղվածության առումով հետևանքները զգալի կլինեն, հատկապես Արարատի և Արմավիրի մարզերում։
Տնտեսագետը նաև ասել է, որ գյուղատնտեսության ոլորտում բանկային տույժերի և տուգանքների ժամանակավոր սառեցումը խնդրի վերջնական լուծում չէ։ Նրա խոսքով՝ եթե ոլորտի վարկային պարտավորությունները չսուբսիդավորվեն, ապա խնդիրները պարզապես կտեղափոխվեն բանկերի վրա, իսկ բանկային համակարգի խնդիրները կարող են տարածվել ամբողջ տնտեսության վրա։
Անդրադառնալով Եվրամիության հետ առևտրին՝ Գաբրիելյանը նշել է, որ մաքսատուրքերի ազատումը Հայաստանի համար ընդամենը երկու տարվա քաղաքական որոշում է և կարող է ցանկացած պահի դադարեցվել։ Նրա խոսքով՝ եվրոպական շուկա արտահանման հիմնական խոչընդոտը միայն մաքսատուրքը չէ․ Հայաստանը դեռ չունի անհրաժեշտ սերտիֆիկացման, որակի վերահսկման, դիլերային և բաշխման ամբողջական ենթակառուցվածքը։
Գաբրիելյանի գնահատմամբ՝ Հայաստանի վերջին տարիների տնտեսական աճի մոտ 60 տոկոսը վերագնահատման արդյունք է՝ ազգային արժույթի արժևորման և գների աճի հետևանքով։ Նա նշել է, որ եթե 2026 թվականին արտաքին առևտրի շրջանառությունը նվազում է, իսկ ավելացված արժեքն աճում, ապա դա կարող է նշանակել, որ արտաքին առևտրի հոսքերը քիչ են կապված Հայաստանի տնտեսությունում ստեղծվող արդյունքի հետ և սպասարկում են վերաարտահանման կամ այլ գործընթացներ։
Աղբյուր՝ 168.am