Տնտեսություն
47.6 մլրդ դրամից իրականացվել է 28.2 միլիարդը․ ներդրումների թերակատարումը կապվում է ՀԷՑ-ի վթարների հետ
Էներգետիկ համակարգի կայունությունն ու սպառողների անխափան էլեկտրամատակարարումն ապահովելու հիմնավորմամբ՝ ավելի քան մեկ տարի առաջ կառավարությունը Սամվել Կարապետյանից վերցրեց Հայաստանի էլեկտրական ցանցերի կառավարումը։ Սակայն այդ ժամանակից ի վեր խոշոր վթարները, ըստ հրապարակման, ոչ թե նվազել, այլ հաճախակիացել են՝ պարբերաբար հոսանքազրկելով հազարավոր և տասնյակ հազարավոր սպառողների։
Վերջին խոշոր դեպքը «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհն էր, որի հետևանքով էլեկտրամատակարարումից զրկվեցին Երևանի կենտրոնի և հարակից տարածքների բազմաթիվ սպառողներ։ Հրդեհը մարելու համար դեպքի վայր էր մեկնել հրշեջ-փրկարարների 11 մարտական հաշվարկ։ Դեպքի պատճառները դեռ ուսումնասիրվում են, սակայն հրապարակման հեղինակն այն կապում է համակարգի անհամաչափ ծանրաբեռնվածության և տեխնիկական խնդիրների հետ՝ հակադարձելով հնարավոր դիվերսիայի վերաբերյալ վարկածներին։
Հրապարակման մեջ հիշատակվում է նաև անցած տարվա վերջին «Վարդաշեն» ենթակայանում տեղի ունեցած վթարը, որի պատճառով շուրջ 11,5 հազար բաժանորդ մոտ երկու օր մնացել էր առանց էլեկտրաէներգիայի։ Այդ ժամանակ ժամանակավոր կառավարիչը պատճառներից մեկը նշել էր բեռի կտրուկ աճը։ Հեղինակի գնահատմամբ՝ կառավարչի խնդիրն այդ փաստը արձանագրելը չէ, այլ ենթակայաններն ու գծերը նախապես համապատասխան հզորությամբ ապահովելը։
Նյութում ընդգծվում է, որ վթարների հետևանքով առաջացած ծախսերը, ի վերջո, կարող են անդրադառնալ սպառողների վրա՝ սակագների բարձրացման միջոցով։ Միաժամանակ նշվում է, որ կառավարության կառավարչի վերահսկողության շրջանում ներդրումային ծրագիրը թերակատարվել է։ Նախատեսված 47.6 մլրդ դրամից իրականացվել է 28.2 միլիարդը՝ շուրջ 40 տոկոսով կամ ավելի քան 19 մլրդ դրամով պակաս։
Հրապարակման համաձայն՝ վերջին տարիներին հատկապես Երևանում նոր շենքերի և սպառողների թվի աճին զուգահեռ համակարգի հզորությունները համարժեքորեն չեն ավելացվել, իսկ տեխնիկական վերազինումը ամբողջությամբ չի իրականացվել։ Այս իրավիճակի համար պատասխանատվություն է վերագրվում ոչ միայն կառավարությանը և կառավարության նշանակած կառավարչին, այլև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։
Նյութում նաև նշվում է, որ սեփականատիրոջ կողմից նախկինում կատարված ներդրումների հարցը չի կարող օգտագործվել համակարգի ներկայիս վիճակը բացատրելու համար, քանի որ ներդրումների չափը պետք է հավասարակշռվի ինչպես տեխնիկական անվտանգության, այնպես էլ սպառողների սակագնային բեռի հետ։ Հեղինակի գնահատմամբ՝ ներդրումներն անհրաժեշտ են, սակայն դրանք պետք է ուղղվեն առաջնահերթ խնդիրներին և իրականացվեն այնպես, որ համակարգը կարողանա կրել աճող բեռը՝ առանց սպառողների համար անհամաչափ սակագնային հետևանքների։
Հրապարակումը եզրափակվում է այն մտքով, որ խոշոր էներգետիկ համակարգերը հնարավոր չէ երկար կառավարել քաղաքական հաշվարկներով և խնդիրները թաքցնելով։ «Այսպիսի կառավարմամբ այսօր ենթակայանն է հրդեհվում, վաղը համակարգն է պայթելու»,— նշվում է նյութում։
Աղբյուր՝ 168.am