Հասարակություն
Դատարանը Ռուբեն Մեհրաբյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից
Միջազգային անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը հայտնել է, որ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ներողություն է խնդրել գործարար Սամվել Կարապետյանից։
Գործը վերաբերում է 2025 թվականի հունիսի 28-ին Մեհրաբյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառմանը, որում, ըստ դատական ակտի, Սամվել Կարապետյանի հասցեին օգտագործվել էին վիրավորական արտահայտություններ։ Կարապետյանը 2025 թվականի հուլիսի 25-ին հայց էր ներկայացրել՝ պահանջելով հրապարակային ներողություն, 3 միլիոն դրամ փոխհատուցում և դատական ծախսերի հատուցում։
2026 թվականի օգոստոսի 21-ի վճռով դատարանը հայցը բավարարել է մասնակի։ Մեհրաբյանին պարտավորեցվել է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում իր ֆեյսբուքյան էջում հրապարակել ներողության տեքստ՝ «www.facebook.com սոցիալական կայքի իմ անձնական էջում 28.06.2025 թվականին կատարված հրապարակման մեջ «էշ-էշ դուրս տալ» և «ղամմազ» արտահայտությունների համար ներողություն եմ խնդրում Սամվել Կարապետյանից» բովանդակությամբ։
Միաժամանակ դատարանը մերժել է 3 միլիոն դրամ փոխհատուցման պահանջը և Մեհրաբյանից հօգուտ Կարապետյանի բռնագանձել է 20 հազար դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։
Աղբյուր՝ yerevan.today