Քաղաքականություն
Կառավարության անդամները երդվել են ծառայել պետական և հանրային շահին
Նախագահական նստավայրում, նախագահ Վահագն Խաչատուրյանի ներկայությամբ, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների երդմնակալության արարողությունը։
Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Երդման տեքստն առաջինը ընթերցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա պարտավորվել է բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականությունները, պահպանել Սահմանադրությունն ու օրենքները, ծառայել հանրային շահին և պաշտպանել պետական շահը։ Այնուհետև երդվել են Կառավարության մյուս անդամները։
Արարողության ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է վարչապետին և Կառավարության անդամներին։ Նա նշել է, որ երդումը պատասխանատվություն է Հայաստանի Հանրապետության և քաղաքացիների առջև, իսկ պաշտոնյաների աշխատանքի հիմնական չափանիշը պետք է լինի արդյունքը՝ երկրի խնդիրների լուծումը, մարդկանց կյանքի բարելավումն ու պետության ամրապնդումը։
Նախագահը նաև ընդգծել է, որ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարումը պահանջում է հետևողականություն, տոկունություն, նոր մտածողություն և ամենօրյա նվիրում։ Նրա խոսքով՝ Կառավարության անդամների գործունեության հիմքում պետք է լինեն Սահմանադրությունը, օրենքը, պետական շահի գերակայությունն ու մարդու նկատմամբ պատասխանատվությունը։
Աղբյուր՝ aravot.am