Քաղաքականություն
«Կարո՞ղ է՝ իշխանություն փոխվի, ու պարզվի՝ «Մերիդիանում» մի քիչ էլ փայ ունեք»․ Մեսրոպ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ՔՊ-ականներին հարցրել է, թե արդյոք «Մերիդիան» համաժողովների կենտրոնում բաժնեմաս ունեն։
«ՔՊ-ականներ, ընդդիմությունն ասում է՝ մի՛ թալանեք քաղաքացու հարկերը, մի՛ զբաղվեք թալանչիությամբ»,- հայտարարել է Մանուկյանը՝ նշելով, որ 2026 թվականի մայիսի 27-ի կառավարության որոշմամբ մասնավոր ընկերությանը տրամադրվում է 1,8 միլիարդ դրամի պետական վարկ՝ 1 տոկոսով, իսկ դրան հատկացվում է ևս 7,9 միլիարդ դրամ։
«Ուզում եմ հասկանալ՝ մասնավոր ընկերությունում կարո՞ղ է իշխանություն փոխվի, ու պարզվի՝ «Մերիդիանում» մի քիչ էլ փայ ունեք։ Շատ ուղիղ եմ այդ հարցը տալիս»,- ասել է պատգամավորը։
Մանուկյանը նաև կասկածի տակ է դրել «Մերիդիանի» տարածքը միջոցառումների համար վարձակալելու վերաբերյալ հաշվարկները։ Նրա խոսքով՝ եթե տարածքը վարձակալվում է ութ տարի ժամկետով և նախատեսվում է օգտագործել 400 օր, ապա պետք է պարզ լինի՝ արդյոք պետությունը շաբաթը մեկ միջոցառում կամ տոնական միջոցառում է անցկացնելու։
«Մի հատ ձեզ հարց տամ՝ դուք ֆինանսական հաշվարկ կատարե՞լ եք։ Պարզ հաշվարկ»,- նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Աղբյուր՝ yerevan.today