Քաղաքականություն
«Ռուսաստանը բաց է թողել խաղաղությանն ավելի մոտենալու հերթական հնարավորությունը»․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը հերթական անգամ չի գնացել խաղաղությանն ավելի մոտենալու քայլին՝ շարունակելով հարվածները երկրի էներգետիկ ենթակառուցվածքներին։
Զելենսկին Telegram-ում նշել է, որ ԱՄՆ-ում կայացած հանդիպումների և ամերիկյան նախագահի թիմի հետ ամենօրյա հաղորդակցության արդյունքների հիման վրա բանակցային խումբը զեկույց է ներկայացրել։ Նրա խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է իրական որոշումների և լարվածության թուլացմանն ուղղված քայլերի՝ պատերազմը հնարավորինս արագ ավարտելու համար։
Նա ընդգծել է, որ Ուկրաինան աջակցել է էներգետիկ հրադադարին և պատրաստ է ապահովել դրա պահպանումը՝ ինչպես հայտարարել էր ԱՄՆ նախագահը։ Զելենսկու խոսքով՝ այս հարցում համապատասխան քայլեր պետք է ձեռնարկի նաև Ռուսաստանը։
«Ցավոք, երեկ հարվածներ են հասցվել մեր էներգետիկ ենթակառուցվածքներին, և այսօր դրանք շարունակվում են։ Ամբողջ օրվա ընթացքում Ուկրաինայում հնչում են օդային տագնապի ազդանշաններ, Ռուսաստանը կիրառում է «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր և շարունակում ավիառումբերով հարվածներ հասցնել»,– գրել է նա։
Զելենսկին նշել է, որ եթե հարվածները Ռուսաստանի պատասխանն են ԱՄՆ նախագահի հայտարարությանը, ապա դա նշանակում է, որ Մոսկվան բաց է թողել խաղաղությանն ավելի մոտենալու հերթական հնարավորությունը։ Նա նաև ընդգծել է, որ լարվածության թուլացմանը հասնելու համար անհրաժեշտ է ԱՄՆ-ի ճնշումը Ռուսաստանի վրա։
Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Կիևը շարունակում է երկխոսությունը ամերիկյան կողմի հետ բոլոր մակարդակներում, իսկ հետագա քայլերն ու դիվանագիտական շրջանակներն արդեն սահմանվել են։
Աղբյուր՝ 168.am