Քաղաքականություն
«Եթե չեն տեղեկացնում, իրավունք ունե՞մ կասկածելու, որ դիվերսիա է տեղի ունեցել». Գառնիկ Դանիելյան
ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Գառնիկ Դանիելյանը, «Հայելի» ակումբում անդրադառնալով խաղաղության պայմաններում հայոց բանակում արձանագրված հերթական զոհին, ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին և հարազատներին։
Նրա խոսքով՝ բանակում իրավիճակը խայտառակ է, իսկ զինծառայողների մի մասը զոհվում է կասկածելի հանգամանքներում։ Դանիելյանը նշել է, որ եթե այդ դեպքերի մանրամասները հանրությանը չեն ներկայացվում, ապա ինքը իրավունք ունի կասկածելու, որ տեղի է ունեցել դիվերսիա։
Դանիելյանը պնդել է, որ Նիկոլ Փաշինյանը քրեական գործերի վերաբերյալ հաճախ նախապես եզրակացություններ է ներկայացնում, ինչի պայմաններում, իր գնահատմամբ, քննիչները չեն կարող նրա որոշումներին հակառակ որոշումներ կայացնել։ Նա նաև ասել է, որ բանակում տեղի ունեցող դեպքերը կարող են «ծածկադմփոց» արվել։
Անդրադառնալով իշխանության այն մեկնաբանություններին, թե բանակում և սահմանին զոհերը պայմանավորված են քնելու պատճառով առաջացած միջանձնային «ռազբորկաներով», Դանիելյանը հարց է բարձրացրել, թե այդ դեպքում որտեղ է սպայական կազմը։ Նրա խոսքով՝ համապատասխան կառույցներում ամենաթողությունն այն աստիճանի է հասել, որ մարդիկ կարողանում են շրջանցել դիրքերը և տասնյակ կիլոմետրեր խորանալ։
Դանիելյանը նաև նշել է, որ Շաքեի կինը հերոսաբար պաշտպանել է իր ընտանիքն ու հայերի արժանապատվությունը՝ քննադատելով այն վերաբերմունքը, թե կինը չի կարող նման դեր ունենալ։
Աղբյուր՝ aravot.am