Քաղաքականություն
Հայ դատի համահայկական խորհրդաժողովում քննարկվել են արցախահայության և Հայաստանի անվտանգության հարցերը
ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026 թվականի սեպտեմբերի 25-28-ը Երևանում և Աղվերանում անցկացվել է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների ցանցի համահայկական խորհրդաժողովը։
Խորհրդաժողովից առաջ պատվիրակներն այցելել են Եռաբլուր, իսկ ավարտին հանդիպել Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ՝ ստանալով նրա օրհնությունը։ Պատվիրակները զորակցություն են հայտնել Մայր աթոռին՝ վերջինիս առջև ծառացած մարտահրավերների պայմաններում։ Հանդիպումներ են անցկացվել նաև Արցախի Հանրապետության իշխանության և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացուցիչների հետ։
Խորհրդաժողովի օրակարգում ներառված են եղել Հայաստանի ներքաղաքական զարգացումները, արտաքին անվտանգային միջավայրում ընթացող գործընթացները, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններն ու բանակցային գործընթացը։ Մասնակիցները քննարկել են տարածաշրջանային ապաշրջափակման հնարավոր տարբերակները և այդ գործընթացում միջազգային տարբեր ուժային կենտրոնների ներգրավվածությունը։
Խորհրդաժողովի մասնակիցների գնահատմամբ՝ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, անկախ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումներից և իրենց նկատմամբ իրականացվող հալածանքներից, շարունակելու են աշխատանքը Հայաստանի համար արտաքին զորակցություն ապահովելու և միջազգային հարաբերություններում հնարավորինս բարենպաստ պայմաններ ձևավորելու ուղղությամբ։
Առանձին ուշադրություն է դարձվել ղարաբաղյան հակամարտության հետևանքներին։ Որպես հիմնական քաղաքական առաջնահերթություններ՝ նշվել են արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը, գերիների վերադարձը, Արցախի պետական կառուցակարգերի սատարումը, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև Հայաստանում հաստատված արցախահայության իրավունքների պաշտպանությունն ու միջազգային մարդասիրական օժանդակության ապահովումը։
Քննարկվել են նաև աշխարհի տարբեր վայրերում հայության իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության աշխատանքները։ Մասնակիցները քննարկել են Հայ դատի ցանցի հզորացման և երիտասարդության քաղաքականացմանը միտված քայլերը՝ ներառյալ երիտասարդական կրթական ծրագրերն ու սփյուռքահայ երիտասարդների համար տարբեր երկրներում քաղաքական կայացման և առաջընթացի հնարավորությունների ստեղծումը։
Խորհրդաժողովը վերահաստատել է շուրջ երեսուն երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների ցանցի զորակցությունը Հայաստանի անկախ պետականությանը և հայության խախտված իրավունքների վերականգնման պայքարին։ Ըստ խորհրդաժողովի՝ առաջնահերթությունը հայ ժողովրդի ամբողջական շահն է, իսկ նպատակը՝ անկախ և շարունակաբար հզորացող հայկական պետականությունը։
Աղբյուր՝ aravot.am