Հասարակություն
Գեղարքունիքի դպրոցում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնության մասին հարազատներն ահազանգում են
Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում, աշակերտուհու հարազատների պնդմամբ, սեպտեմբերի 30-ին ուսուցչուհին ֆիզիկական բռնություն է կիրառել 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ։
Երեխայի մորաքրոջ փոխանցմամբ՝ ուսուցչուհին դասարանում հարվածել է աշակերտուհուն, ինչից հետո երեխան վախեցած դուրս է եկել դասասենյակից։ Հարազատի խոսքով՝ այդ պահին դասարանում մեկ այլ անձ ևս եղել է, որը երևում է տեսագրությունում։ Այնուհետև ուսուցչուհին երեխային կրկին դասարան է տարել, որտեղ, ըստ հարազատի, նորից բռնություն է կիրառել նրա նկատմամբ։
Դեպքից հետո երեխայի ինքնազգացողությունը վատացել է։ Ուսուցչուհին նրան տարել է սանհանգույց, լվացրել և վերադարձրել դասարան։ Հարազատը հայտնել է, որ տուն հասնելուց հետո երեխայի պարանոցին և ձեռքերին հետքեր են եղել, իսկ աչքերը՝ ուռած։ Նրա խոսքով՝ աշակերտուհին մի քանի օր դպրոց չի հաճախել։
Հարազատի պնդմամբ՝ ուսուցչուհու կողմից երեխային նախկինում ևս հարվածելու դեպքեր են եղել, սակայն այս անգամ բռնությունն առավել ծանր է եղել։
Դպրոցի տնօրենությունը դեպքի մասին տեղեկացել է հոկտեմբերի 1-ին։ Տնօրենը երեխային և նրա մորը հրավիրել է դպրոց՝ իրավիճակը կարգավորելու նպատակով։ Սակայն, ըստ հարազատի, ուսուցչուհին հերքել է ծեծի հանգամանքը և զրույցի ընթացքում վիրավորական արտահայտություններ է արել երեխայի մոր հասցեին։
Ընտանիքը ոստիկանություն չի դիմել, քանի որ մայրը չի ցանկանում ուսուցչուհու նկատմամբ քրեական հետապնդում սկսվի։ Նրանք պահանջում են, որ ուսուցչուհին հեռացվի դպրոցից և այլևս չաշխատի երեխաների հետ։ Ընտանիքը դիմել է նաև Գեղարքունիքի մարզպետարան, որտեղ, հարազատի փոխանցմամբ, հայտնել են, որ մեկ ծնողի բողոքի հիման վրա ուսուցչին աշխատանքից ազատել հնարավոր չէ, և անհրաժեշտ է առնվազն յոթ ծնողի բողոք։
Հարազատը նաև հայտնել է, որ դեպքից հետո ուսուցչուհին շաբաթ օրը ծնողական ժողով է կազմակերպել և ծնողներին հորդորել երեխաներին ասել, թե իրենք ոչինչ չեն տեսել և չեն լսել։ Ընտանիքը ցանկանում է, որ դեպքը ստանա իրավասու մարմինների պատշաճ ուշադրությունը։
Աղբյուր՝ yerevan.today