Տնտեսություն
80 գնումների ընթացակարգում փաստացի գոյություն չունեցող կազմակերպություններ են ճանաչվել առաջինը
ՀՀ պետական վերահսկողական ծառայության տվյալներով՝ 2026 թվականի առաջին ինն ամիսներին ուսումնասիրված 9538 գնման ընթացակարգից 150-ում արձանագրվել են գնումների օրենսդրության պահանջների խախտումներ կամ անհամապատասխանություններ։
Առավել խոշոր խնդիրները վերաբերել են 80 ընթացակարգի, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 3,2 մլրդ դրամ։ Ծառայության արձանագրած տվյալների համաձայն՝ այդ գործընթացներում փաստացի գոյություն չունեցող կազմակերպությունները համակարգում ներկայացրել են կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ և ճանաչվել առաջին տեղը զբաղեցրած մասնակիցներ։ Հետագայում, չկնքելով գնման պայմանագրերը, դրանք խափանել են ընթացակարգերը՝ պատվիրատուներին և մյուս մասնակիցներին պատճառելով առանձնապես խոշոր չափի վնասներ։
Այս դեպքերի առնչությամբ Պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացրել հանցագործության մասին 4 հաղորդում, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Ուսումնասիրությունների ընթացքում 110 ընթացակարգում հայտնաբերվել են օրենսդրությանը հակասող կամ խտրական պայմաններ ու պահանջներ պարունակող տեխնիկական բնութագրերով հրավերներ։ Խնդիրների շտկման համար պատվիրատուներին ներկայացվել են առաջարկություններ։
Ծառայությունը նաև բացահայտել է երկու տնտեսվարողի մասնակցության դեպք, երբ նրանք փոխկապակցված են եղել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների հետ։ Դրանցից մեկի դեպքում պատվիրատուն միակողմանիորեն լուծել է կնքված պայմանագիրը։
Գնումների վերաբերյալ պարտադիր հրապարակման ենթակա նյութերը չհրապարակելու կամ թերի հրապարակելու 38 դեպքի մասին տեղեկացվել է 29 պատվիրատու՝ կարգապահական պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով։ Արդյունքում 9 պատասխանատու անձի նկատմամբ կիրառվել են կարգապահական միջոցներ։
Առանձին դեպքերում արձանագրվել են նաև ինքնարժեքից առերևույթ ցածր գնային առաջարկների ներկայացման և դրանց հիման վրա հաղթող ճանաչվելու դեպքեր։ Նման 4 դեպքից 2 տնտեսվարողի գործողությունների վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել Գլխավոր դատախազություն, և դրանց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Եվս 2 տնտեսվարողի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ ուսումնասիրության համար։
Աղբյուր՝ aravot.am