Արտաքին աշխարհ
«Շարունակում ենք հատուկ ռազմական գործողության նպատակների իրականացումը». Լավրով
Ռուսաստանը չի պատրաստվում հրաժարվել Ուկրաինայում իր ռազմական նպատակներից՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած «էներգետիկ հրադադարին», հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին։
Լավրովի պնդմամբ՝ Զելենսկին փորձում է հրադադարի միջոցով ժամանակ շահել, վերականգնել ուժերը և Արևմուտքից նոր սպառազինություն ստանալ։
«Չեմ կարծում, թե նա արժանի է այդ դադարին։ Չեմ կարծում նաև, որ մենք հերթական անգամ կհավատանք նրա երաշխիքներին ու խոստումներին։ Նախագահ Պուտինը հստակ ասել է՝ շարունակում ենք հատուկ ռազմական գործողության նպատակների իրականացումը։ Մենք երբեք չենք փոխել դրանք», – ասել է Լավրովը։
Հոկտեմբերի 11-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են անհապաղ դադարեցնել միմյանց էներգետիկ ենթակառուցվածքներին հասցվող հարվածները։
Զելենսկին այսօր Վարշավայի անվտանգության համաժողովում հայտնել է, որ Ուկրաինան անմիջապես աջակցել է այդ նախաձեռնությանը, սակայն Ռուսաստանը շարունակել է հարվածները։ Նրա խոսքով՝ Թրամփի հայտարարությունից հետո ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Խարկովի էլեկտրակայանին և գազային ենթակառուցվածքներից մեկին։
Աղբյուր՝ 168.am