Արտաքին աշխարհ
Սանկտ Պետերբուրգի Միլլերի առանձնատան հրդեհը տարածվել է շուրջ 2 հազար քմ տարածքում
Սանկտ Պետերբուրգի Իսահակյան հրապարակում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը խոշոր հրդեհից հետո գրեթե ամբողջությամբ այրվել է, հայտնում է «Фонтанка»-ն։ Կրակը տարածվել է առաջինից մինչև երրորդ հարկերն ու ձեղնահարկը՝ ընդգրկելով մոտ 2 հազար քառակուսի մետր տարածք։ Տանիքի մի մասը փլուզվել է, իսկ հրշեջներն այժմ հիմնականում փորձում են պաշտպանել հարևան շենքերը։
Հրդեհին տրվել է բարդության երրորդ աստիճան։ Հարևան շենքից, որտեղ բնակելի տարածքներ և հյուրանոցներ են գտնվում, փրկարարները տարհանել են 10 մարդու։ Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Առանձնատանը մարդիկ չեն եղել, քանի որ շենքը չէր շահագործվում և վարձակալության չէր տրվում։
«Фонтанка»-ի աղբյուրը ՌԴ ԱԻՆ-ում նշել է, որ փայտե միջհարկային ծածկերի պատճառով հրդեհը կարող է ոչնչացնել վերին հարկերն ու տանիքի կառուցվածքները, և արդյունքում հիմնականում պահպանվեն միայն պատերը։ Նույն աղբյուրը ենթադրել է, որ կրակի պատճառը կարող էր հրկիզումը լինել, սակայն այս վարկածը պաշտոնապես դեռ չի հաստատվել։ Ադմիրալտեյսկի շրջանի դատախազությունը վերահսկողության տակ է վերցրել հրդեհի պատճառների և հանգամանքների պարզումը։ Վերջնական եզրակացությունը պետք է տա հրդեհատեխնիկական փորձաքննությունը։
Էրմիտաժի գլխավոր տնօրենի տեղակալ, Պատմության և մշակույթի հուշարձանների պետական հսկողության, օգտագործման և պահպանության կոմիտեի նախկին ղեկավար Սերգեյ Մակարովը հրդեհն անվանել է «աղետ»։ Նրա խոսքով՝ մինչ հրդեհը առանձնատանը պահպանվել էին պատմական ինտերիերները, այդ թվում՝ պատերը, առաստաղներն ու ճակատները զարդարող ռելիեֆային և քանդակագործական դեկորը։ Մակարովը նշել է, որ շենքը կարևոր է Իսահակյան հրապարակի ճարտարապետական անսամբլի համար։
Առանձնատունը երկար ժամանակ լքված էր։ Ավելի վաղ «ՏԱՍ» ընկերությունը դրա վերականգնման նպատակով վարկ էր ստացել, իսկ նախատեսվող ներդրումների ծավալը գերազանցում էր 750 միլիոն ռուբլին։ Մակարովի խոսքով՝ պատմական տարրերի ոչնչացումը սեփականատիրոջը չի ազատում դրանք վերականգնելու պարտավորությունից, քանի որ շենքի պահպանության առարկան շարունակում է գործել։
Հրշեջների գնահատմամբ՝ առանձնատան ներսում պահպանված ինտերիերները փրկելը դժվար թե հնարավոր լինի։ Փրկարարների հիմնական ջանքերն ուղղված են կրակը հարևան պատմական շենքերին, այդ թվում՝ Զուբովյան ինստիտուտին և մոտակայքում գտնվող Արբիտրաժային դատարանին չտարածելուն։
Աղբյուր՝ 168.am